ՀՀ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի մայիսի 18-ի նիստում Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը ներկայացրել է ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:
«Հաշվետու 2020 թվականը աշխարհում և հատկապես Հայաստանի համար բավականին ծանր տարի էր` դրանից ածանցված տնտեսական և սոցիալական մարտահրավերներով: Համավարակի տարածումից հետո թե՛ առողջապահական և թե՛ տնտեսական հետագա զարգացումների առումով աշխարհը գտնվում էր անորոշության մեջ, ինչը ենթադրում էր նաև ԿԲ ծրագրային կանխատեսումների պարբերաբար վերանայում: Դիտվել է տնտեսական ակտիվության կտրուկ անկում»,- ասել է Մարտին Գալստյանը:
Նման իրավիճակում Կառավարությունը տարվա ընթացքում իրականացրել է սոցիալական և տնտեսական օժանդակությանն ուղղված հարկաբյուջետային քաղաքականություն: Տարվա առաջին երեք եռամսյակում, հաշվի առնելով պահպանվող թույլ համախառն պահանջարկի ներքո գնաճային զարգացումները, ԿԲ-ն վարել է խթանող դրամավարկային քաղաքականություն և աստիճանաբար ավելացրել խթանման չափը՝ իջեցնելով հիմնական վերաֆինանսավորման տոկոսադրույքը ընդհանուր հաշվով 1.25 տոկոսային կետով:
ԿԲ նախագահի ներկայացմամբ՝ տարեվերջին տնտեսության վերականգնման հեռանկարի և գնաճային զարգացումների տեսանկյունից լրացուցիչ անորոշություն են առաջացրել սեպտեմբերի 27-ին ՀՀ-ում հայտարարված ռազմական դրությունը և դրան զուգահեռ համավարակի նոր ալիքի բռնկումն ու արագ տեմպերով տարածումը: Տնտեսաքաղաքական անորոշության պայմաններում ՀՀ ֆինանսական շուկաներում արձանագրվել է ռիսկերի աճ, իսկ արժութային շուկայում՝ ՀՀ դրամի որոշակի արժեզրկում:
ԿԲ-ն, շարունակելով հավատարիմ մնալ լողացող փոխարժեքի քաղաքականությանը, ֆինանսական շուկայում բնականոն գործունեության ապահովման նպատակով արտարժութային շուկայում ունեցել է իրավիճակային փոքր չափով մասնակցություն: Ըստ 2021-ի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի՝ ՀՀ-ում դեռևս պահպանվում է ցածր տնտեական ակտիվություն և պահանջարկի թույլ միջավայր: Նշվեց, որ 2021-ին կլինի համախառն պահանջարկի դանդաղ վերականգնում:
Դրական զարգացումներ առավել տեսանելի են եղել արդյունաբերության և ծառայությունների ճյուղերի թողարկումներում, իսկ ներքին պահանջարկի՝ սպասվածից արագ տեմպերով վերականգնմանը հիմնականում նպաստել են արտերկրից դրամական փոխանցումները և տնտեսության վարկավորման ավելի դրական զարգացումները: Նախորդ տարեվերջից սկսած՝ ՀՀ-ում արձանագրվել է գնաճի էական արագացում, ինչը հիմնականում պայմանավորված է միջազգային ապրանքահումքային շուկաներից փոխանցվող և դրամի արժեզրկմամբ դիտարկվող առաջարկի մեկանգամյա գործոններով, ուստի այն, ըստ զեկուցողի, կրում է կարճաժամկետ բնույթ և տարեվերջից սկսած՝ կնվազի՝ մոտենալով նպատակային 4% ցուցանիշին:
Չնայած գնաճի և գնաճային սպասումների որոշակի ավելացմանը՝ Կենտրոնական բանկի համարժեք գործողությունների արդյունքում իրավիճակը գնահատվում է կառավարելիության տիրույթում և հիմնականում խարսխված:
Նշվել է, որ հասարակության մոտ ավելացել են գնաճի ապագայի նկատմամբ ուղեգծի վերաբերյալ անորոշությունները, ուստի և ԿԲ-ն հետևողական է լինելու գնաճային սպասումների զարագացման ցանկացած ռիսկի չեզոքացման հարցում: