Մեկնարկել է Եվրախորհրդարանի հերթական լիագումար նիստը։ Օրակարգային հարցերի շարքում եղել է նաև Թուրքիայի վերաբերյալ նոր զեկույցը։ Եվրախորհրդարանականները քննադել են Թուրքիայի կառավարությանը՝ եվրոպական արժեքներից և չափանիշներից հեռանալու համար, մասնավորապես, ժողովրդավարության, օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների ոլորտում։
Օրակարգում էին նաև Թուրքիայի անօրինական գործողություններն Արևելյան Միջերկրական ծովում, ինչպես նաև ներգրավումը Սիրիայում, Լիբիայում և Ադրբեջանում։ Վերջին տարիների ամենաքննադատ զեկույցը Թուրքիայի վերաբերյալ՝ այս խոսքերով սկսեց իր ելույթը զեկուցող Նաչո Սանչեսը։
Նաչո Սանչես, ԵԽ պատգամավոր, Թուրքիայի հարցերով զեկուցող - Իմ կարծիքով՝ այս երկրի զեկույցի բարդ գործը հանձն առնելն իսկական պատիժ է։ Թուրքիան պետք է օր առաջ փոխի իր հակաեվրոպական հռետորաբանությունը։ Նախագահական համակարգը, որով էրդողանի իշխանությունն այդ երկիրը կառավարում է, խոսքի որևէ իրավունք չի թողնում խորհրդարանին։ Ավելին, չնչին քննադատությունն անգամ չեն հանդուրժում, ինչն էլ հանգեցնում է մարդու իրավունքների, օրենքի գերակայության և հիմնարար իրավունքների մտահոգիչ հետընթացի։
Երեսուն էջանոց զեկույցում կարևորություն է տրվել ու հատուկ անդրադարձ արվել նաև Թուրքիայի տարածաշրջանային հակամարտություններում ագրեսիվ արտաքին քաղաքականություն վարելը, ռազմական գործողություններին սատարելը։
«Եվրոպայի խորհրդարանը դատապարտում է փաստը, որ բռնությունը դադարեցնելու կոչերի և խաղաղ բանակցությունները վերսկսելու ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի աջակցելու փոխարեն Թուրքիան որոշեց անվերապահորեն հրահրել և աջակցել Ադրբեջանի ռազմական գործողություններին՝ Լեռնային Ղարաբաղի վերջին հակամարտության ընթացքում դիմելով սադրիչ հռետորաբանության, դրանով իսկ թեժացնելով լարվածությունը` դրանք նվազեցնելու փոխարեն:
Խորհրդարանը դատապարտում է օտարերկրյա զինյալների տեղափոխումը Սիրիայից և այլ վայրերից դեպի Լեռնային Ղարաբաղ, ինչպես հաստատել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, և Թուրքիային կոչ է անում զերծ մնալ ցանկացած գործողությունից և հռետորաբանությունից, որոնք կարող են էլ ավելի սրել լարվածությունը Հարավային Կովկասում, ինչպես նաև աջակցել միջազգային երկխոսությանը և խաղաղ գործընթացին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»:
Եվրախորհրդարանականները միաբերան նշեցին հետընթացի մասին և հիշեցրին, որ որքան էլ Թուրքիան ռազմավարական կարևոր գործընկեր և անդամակցության թեկնածու լինի, դա չի փոխում այն, որ այդ երկիրը մարդու իրավունքները չի հարգում, ավելին՝ օրեցօր ավելի է հեռանում արևմտյան արժեքներից։ Եվրապատգամավորները կոչ արեցին դադարեցնել Էրդողանի խաղը խաղալ։
Միքայել Գալեր, ԵԽ պատգամավոր, Գերմանիա - Հայաստանի հանդեպ Թուրքիայի և Ադրբեջանի արածը տեսանք, բանակցությունները պետք է դադարեցնել պաշտոնապես:
Մարիա Արենա, ԵԽ պատգամավոր, Մարդու իրավունքների ենթահանձնախմբի նախագահ - Ինչի՞ մասին ենք խոսում կամ ո՞ւմ շահին ենք ծառայում, երբ արդեն որերորդ գագաթնաժողովն է՝ Թուրքիայի վերաբերյալ որոշումներն ավարտվում են վերջինին դրական օրակարգ առաջարկելով։ Պետք է հասկանաք, որ դա չի աշխատում, և եթե Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է նախապայման ունենան, ապա այդ միակ նախապայմանը մարդու իրավունքներն են։
Զեկույցը ԵՄ-ին կոչ է անում չշփոթել Թուրքիային իր ներկայիս կառավարության քաղաքականության հետ: Պատգամավորներն ընդգծում են, որ Միությունը պետք է շարունակի աջակցել Թուրքիայի քաղաքացիական հասարակությանը՝ ժողովրդավարական արժեքներն ու սկզբունքները, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը պաշտպանելու և խթանելու նպատակով:
Ըստ խորհրդարանականների՝ պետք է նաև հաշվի առնել ընդհանուր առմամբ թուրքական հասարակության ուժեղ եվրոպական կողմնորոշումը և եվրոպական ինքնությունը: Այդուամենայնիվ, եվրախորհրդարանականներից շատերը հիշեցրեցին, որ Թուրքիայի կողմից կամ նրա աջակցությամբ վերջին շրջանում ռմբակոծվել ու շարունակում են ռմբակոծվել հայերը, քրդերը և այլոք: Պատգամավորները չվարանեցին կոչ անել պաշտոնապես դադարեցնել անդամակցության գործընթացը։