Գյումրիում պաշտոնապես բացվել է «Ընտանիքի անկյուն» կոչվող ռեսուրսային կենտրոն, որը կրթության և խնդիրների բարձրացման հարթակ է լինելու երիտասարդների համար՝ նպատակ ունենալով փոխանցել երեխայի դաստիարակության, ծնողավարության գիտելիքներ՝ զերծ կարծրատիպերից։ Կենտրոնը հիմնադրվել է Գյումրու Երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի կողմից՝ ԵՄ ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ջանքերով:
«Ընտանիքի անկյան բացման» պաշտոնական արարողությանը մասնակցում էին ներկայացուցիչներ Կառավարությունից, Շիրակի, Լոռու և Տավուշի մարզային իշխանություններից, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակից, ինչպես նաև կանանց ու ընտանիքի խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններից։
ՀՀ-ում ԵՄ դեսպան Անդրեա Վիկտոնինը տեսաուղերձ էր հղել՝ կարևորելով Գյումրիում նման կենտրոնի բացման անհրաժեշտությունը։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանն ասաց, որ տարիներ շարունակ Հայաստանը պայքարում է կանանց ու աղջիկների հզորացման, նրանց դեմ բռնության վերացման ու կանխարգելման հարցերում, սակայն անելիքները դեռևս շատ են։
Ըստ վերջին հետազոտությունների՝ Հայաստանում հայրերի՝ երեխայի խնամքում ներգրավվածությունը մեծանում է։ Այս ամենով հանդերձ՝ իրենք էլ խոստովանում են, որ կանանց վրա է երեխայի խնամքի մեծ մասը։ Եվ հատկապես աշխատող կանանց բեռն ու պատասխանատվությունը շատ մեծ է։
Շիրակի մարզպետն իր հերթին կարևորեց առողջ ընտանիքի գերակայությունը՝ որպես առողջ պետություն և հասարակություն ձևավորելու առանցք։
Անդրադառնալով «Ընտանիքի անկյուն» ռեսուրսային կենտրոնի ստեղծման նպատակներին՝ «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոնի» ղեկավար Արթուր Նաջարյանը հույս հայտնեց, որ Գյումրիում հիմնադրում են ապահով և հարմարավետ հարթակ երիտասարդ հայրիկների ու մայրիկների համար։
Այս տարի «Ընտանիքի անկյուններ» կբացվեն նաև Լոռու և Տավուշի մարզերում։ Ծրագրի ժամկետի ավարտից հետո բացված կենտրոնները կփոխանցվեն համայնքներին և կգործեն ՏԻՄ-երի հոգածության ներքո՝ որպես ռեսուրսային կենտրոններ։