Վրաստանը երկրի հարավում` Քվեմո-Քարթլիում բնակվող վրացիներին և ադրբեջանցիներին կոչ է արել զսպել կրքերն ու ամեն գնով խուսափել կենցաղային վեճերն ազգամիջյան հակամարտության վերածելուց։ Հայաստանի հյուսիսային սահմանից ընդամենը 10 կմ հեռու գտնվող Դմանիս քաղաքում, արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են կատաղի բախումները՝ ադրբեջանցիների և վրացիների միջև: Երեկ Վրաստանի ոստիկանության և հատուկջոկատայինների միջամտությունից հետո իրավիճակը հանդարտվել է, սակայն լարվածությունը դեռ շարունակվում է: Ավելի վաղ ներքին գործերի նախարարությունը նույնպես հորդորել էր կենցաղային վեճը չվերածել ազգամիջյան բախումների։
Գիշերվա ընթացքում Գազայի հատվածից ավելի քան 90 հրթիռ է արձակվել Իսրայելի տարածք: Վաղ առավոտյան օդային տագնապի շչակներ են հնչել Իսրայելի հարավում՝ բնակիչներին նախազգուշացնելով Գազայի հատվածից նոր հրթիռակոծության մասին: Իսրայելական բանակը պատասխանել է հարվածներով, զինվորականները կրակ են բացել նաև Լիբանանի ուղղությամբ, այստեղից էլ ավելի վաղ 6 հրթիռ էր արձակվել դեպի Իսրայել: Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի խաղաղապահները խստացրել են Իսայելի հետ սահմանային պահպանությունը՝ Ռաշայա Էլ Ֆուխարի շրջանից հրեական պետության ուղղությամբ վեց հրթիռի արձակման փորձից եւ իսրայելական զորքերի պատասխանից հետո:
«Աերոֆլոտ» ընկերությունը դադարեցրել է դեպի Թուրքիա տոմսերի վաճառքը հունիս ամսվա համար, որպեսզի խուսափի չվերթերի հնարավոր չեղարկման հետևանքով ուղևորներին պատճառվող անհարմարությունից: Ընկերության ներկայացուցիչ Միխայիլ Դեմինը հավելել է, որ երբ կայացվեն այլ որոշումներ, ընկերությունը պատրաստ է վերանայել չվացուցակը և անհրաժեշտության դեպքում վերսկսել տոմսերի վաճառքը: Թուրքիան ապրիլի 29-ին հայտարարել էր խիստ սահմանափակումների մասին՝ կապված երկրում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի հետ: Նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ նշել էր, որ իշխանություններին հաջողվել է համաճարակային իրավիճակը պահել վերահսկողության տակ:
Ռուսաստանում շուտով շրջանառության մեջ կդրվի կորոնավիրուսի դեմ չորրորդ պատվաստանյութը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահը: Վլադիմիր Պուտինը օտարերկրյա դեսպանների հետ զրույցում հավելել է, որ Մոսկվան շահագրգռված է համավարակի դեմ պայքարում համագործակցել օտարերկրյա գործընկերների հետ: Նոր պատվաստանյութի վերաբերյալ այլ մանրամասներ Պուտինը չի հայտնել:
Աշխարհում կորոնավիրուսով վարակման 164 միլիոնից ավելի դեպք է գրանցվել: Որոշ երկրներում կորոնաթվերը շարունակում են ռեկորդներ սահմանել: Հնդկաստանում մեկ օրում կորոնավիրուսից 4329 մարդ է մահացել. երկրի Առողջապահության նախարարության հավաստմամբ՝ սա ռեկորդային ցուցանիշ է: Հնդկաստանում համավարակի ընթացքում արդեն ավելի քան 278 հազար մահ է գրանցվել: Երկրում ավելի քան 25 միլիոն մարդ է վարակվել Քովիդ 19-ով: