Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ՔՀԲ ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մայիսի 17-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ազգային անվտանգության ծառայությանն է հանձնվել 57-ամյա Գագիկ Բ.-ն, որը 2020 թ. մարտի 23-ից ոստիկանության ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) և 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
1lurer.am-ի տեղեկություններով՝ ձերբակալվածը Երևանի նախկին քաղաքապետ, տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանն է:
Հիշեցնենք, որ 2020-ի մարտին Ազգային անվտանգության ծառայությունը հետախուզում էր հայտարարել Երևանի նախկին քաղաքապետ, Հանրապետական կուսակցության նախկին անդամ Գագիկ Բեգլարյանի նկատմամբ՝ նրան մեղադրյալ ներգրավելով պետությանը պատկանող առանձնապես խոշոր չափի՝ ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույքը հափշտակելու համար։ Խոսքը մայրաքաղաքի Թամանյան փողոցում գործող մանկապարտեզի մասին է։
Ըստ ԱԱԾ-ի` դեռ 2008-ի դեկտեմբերի 25-ին, երբ Բեգլարյանը Կենտրոն վարչական շրջանի ղեկավար էր, 2 մանկապարտեզի վերամիավորման գործընթաց է սկսել։ Ապա 2009-ին որպես Երևանի քաղաքապետ փոխել է մանկապարտեզի ավելի քան 200 քառակուսի մետր մակերեսով տարածքի նշանակությունը, և դարձրել հասարակական սպասարկման տարածք։ 2011-ին այդ անշարժ գույքը ընդամենը 24 միլիոն դրամով գրանցվել է Բեգլարյանի հոր անունով, այնուհետև փոխանցվել է Գագիկ Բեգլարյանին:
Արդեն որպես Տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, Բեգլարյանը նաեւ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի գործով է անցնում, որով նախնական հաշվարկով պետությանը միլիարդավոր դրամների վնաս է պատճառվել։