2020-ի մարտի 23-ից հետախուզման մեջ գտնվող Երևանի նախկին քաղաքապետ, Հանրապետական կուսակցության նախկին անդամ Գագիկ Բեգլարյանը Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան ժամանելուն պես հանձնվել էր ազգային անվտանգության ծառայությանը: Կառույցը դեռևս անցած տարվա մարտին հետախուզում էր հայտարարել՝ Բեգլարյանին մեղադրելով պետությանը պատկանող ավելի քան 230 միլիոն դրամ արժողությամբ անշարժ գույք առերևույթ հափշտակելու համար։
Խոսքը մայրաքաղաքի Թամանյան փողոցում գտնվող տարածքի մասին է, որտեղ մինչև 2008 թվականը եղել է 140-րդ մանկապարտեզը: Ըստ մեղադրանքի՝ 13 տարի առաջ՝ 2008-ին, մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Բեգլարյանը 2 մանկապարտեզ վերամիավորելու գործընթաց է սկսել; Արդեն 2009-ին, որպես Երևանի քաղաքապետ, որոշում է կայացրել փոփոխել մանկապարտեզի ավելի քան 200 քառակուսի մետր մակերեսով տարածքի նշանակությունը, ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական սպասարկման տարածք։ Դրանից հետո անշարժ գույքը ավելի քան 23 միլիոն դրամով օտարվել է, իսկ 2011-ի փետրվարին 24 միլիոն դրամով գրանցվել է Բեգլարյանի հոր անունով, այնուհետև որպես ժառանություն անցել է Գագիկ Բեգլարյանին։
Գլխավոր դատախազությունը տեղեկացրեց, որ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով գույք վատնելու, ինչպես նաև պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելու, ծանր հետևանքներ առաջացնելու համար, հետախուզման մեջ գտնվող Գագիկ Բեգլարյանը ինքնակամ ներկայացել է քրեական վարույթն իրականացնող մարմին: Բացի դրանից՝ դատախազության դեպոզիտ է մուծվել առաջադրված մեղադրանքի համաձայն՝ պետությանը պատճառված վնասին համարժեք գումար: Այս ամենը հաշի առնելով՝ հսկող դատախազը որոշել է մեղադրյալ Բեգլարյանի խափանման միջոցը՝ կալանավորումը, փոխել 50 միլիոն դրամ գրավով:
Ի դեպ, այս գործը միակը չէ, որտեղ շրջանառվում է նախկին պաշտոնյա Գագիկ Բեգլարյանի անունը: Արդեն որպես տրանսպորտի և կապի նախկին նախարար՝ Բեգլարյանը նաև «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրի գործով է անցնում, որով, նախնական հաշվարկով, պետությանը միլիարդավոր դրամների վնաս է պատճառվել։
Գագիկ Բեգլարյանը դեռ 2019-ին այս գործով որպես վկա հարցաքննվել է: