Սյունիքում ստեղծված իրավիճակը, երբ մայիսի 12-ին ադրբեջանական զինված ուժերի մի քանի ստորաբաժանում հայտնվեցին Սև լճի շրջակայքում և, ըստ էության, հրաժարվեցին լքել Հայաստանի սուվերեն տարածքը, իրականում նյարդերի պատերազմ էր։ Բաքվի հաշվարկը բավական պարզ էր․ հայկական կողմին հանել հավասարակշռությունից, սադրել զինված բախում և դրանով իսկ փորձել ստանալ «այլուրեքություն»՝ ռազմական գործողությունների վերսկսման ու դրանց շարունակության համար։ Հաշվարկի բաղադրիչներից մեկն այն էր, որ արդեն թեժ մարտական գործողություններին զուգահեռ որևէ մեկը չէր փորձելու հասկանալ, թե դրանք սկսվել են բուն Հայաստանի տարածքո՞ւմ, թե՞ հայկական զինված ուժերը հարձակվել են սեփական տարածքում խաղաղ շրջող ադրբեջանցի զինվորների վրա։ Ինչ վերաբերում է Երևանին, ապա հանուն արդարության նշենք, որ Ադրբեջանի լկտիությունը առաջին պահին անսպասելի էր և շոկի էֆեկտ ունեցավ։ Սրան գումարած՝ ստեղծվեց նաև հանրային ահռելի ճնշում, որի հիմնական թեզն էր՝ անմիջապես իրականացնել մարտական օպերացիա և կա՛մ ոչնչացնել Սյունիք ներխուժած ադրբեջանցիներին, կա՛մ առնվազն գերեվարել՝ հետագայում հայ գերիների հետ փոխանակելու նպատակով։ Ընդ որում, այս ճնշումը իշխանության դեմ կոնկրետ գործողությունների վերածելու նպատակով, քաղաքական մի շարք խմբեր սկսեցին գեներացնել տեղեկատվական հոսքեր, որոնց մի մասը իրականության հետ որևէ աղերս չունեին, սակայն զուտ էմոցիոնալ հենքի վրա կարող էին հանգեցնել հասարակական պայթյունի՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Այսուհանդերձ, Հայաստանը գնաց մարտավարական դադարի ճանապարհով՝ այս ժամանակահատվածն օգտագործելով միջազգային հանրության աջակցությունը ստանալու նպատակով։ Սրան զուգահեռ, Երևանը պաշտոնապես դիմեց նախ ՀԱՊԿ-ին, ապա նաև ռազմավարական գործընկեր Ռուսաստանին՝ հիշեցնելով, որ ռազմական ինտերվենցիայի վտանգի դեպքում գործընկեր պետություններն ունեն շատ որոշակի և հստակ պարտավորություններ։ Սա բավական ռիսկային խաղ էր, քանի որ հայտնի չէր, թե արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համեմատաբար իներտ գործունեության ֆոնին հակամարտության կարգավորման միջնորդ պետությունները առանձին-առանձին հստակ կարձագանքե՞ն ստեղծված իրավիճակին, և արդյոք հնարավոր արձագանքները կլինե՞ն ի նպաստ Հայաստանի դիրքորոշման։
Առաջին բավական զորեղ ազդակը եկավ Փարիզից։ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ին դիմելուն զուգահեռ, Ֆրանսիայի նախագահն առաջարկեց խնդիրը քննարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ միաժամանակ Երևանին առաջարկելով ռազմական օգնություն։ Սա բավական հետաքրքիր քայլ էր, քանի որ, այսպես թե այնպես, եթե ՀԱՊԿ-ը որոշում կայացնի հայ-ադրբեջանական սահմանին ուղարկել կազմակերպության զինված ստորաբաժանումներն, ապա խնդիրն անխուսափելիորեն պիտի հայտնվի ՄԱԿ-ի ԱԽ-ի օրակարգում։ Ըստ էության, այս կերպ Փարիզը կանխավ ցույց տվեց, թե ո՞րն է լինելու իր հնարավոր դիրքորոշումը միջազգային այս բարձր ատյանում և, միաժամանակ, Բաքվին հասկացրեց, որ անհրաժեշտության դեպքում Հայաստանի օդում կարող են ֆրանսիական միրաժներ հայտնվել։
Բաքվի համար երկրորդ ահազանգը եկավ անսպասելի ուղղությունից՝ Լոնդոնից։ Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպանը հայտարարեց, որ Արցախյան հարցը կարգավորված չէ, և այդ համապատկերում Ադրբեջանի գործողություններն ունեն վտանգավոր և սադրիչ բնույթ։
Ինչ վերաբերում է երրորդ հարվածին, ապա այն ստացվեց երեկ, երբ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նախ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի, իսկ ապա նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ կայացած հեռախոսազրույցների ընթացքում Բաքվի գործողությունները որակեց որպես «անպատասխանատու և սադրիչ»։
Այսինքն՝ ստեղծվել է մի իրավիճակ, երբ վաղը նախանշված բանակցությունների անհաջող ընթացքի դեպքում Հայաստանը, փաստացի, քարտ-բլանշ ունի, որի առկայությունը Երևանին տալիս է ոչ միայն իրավունք (ինքնիշխան տարածք ներխուժման դեպքում ուժի կիրառման իրավունքն անբեկանելի է), այլև միջազգային աջակցություն՝ անհրաժեշտության դեպքում խնդիրն ուժով լուծելու համար։