Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է «Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության աշխատակիցներին։
Կազմակերպության ներկայացուցիչները մարզպետին ներկայացրել են իրենց իրականացրած և այժմ ընթացքի մեջ գտնվող ծրագրերը։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Կեցության և կենսապահովման պայմանների բարելավում հակամարտությունից տուժած բնակչությանը Հայաստանում» ծրագրին, որն իրականացվելու է Շիրակի և Գեղարքունիքի մարզերում։ Անմիջական շահառուներ լինելու են Արցախյան պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքները, որոնք բնակվում են վարձակալված կամ լքված տներում, ինչպես նաև տեղահանված անձանց հյուրընկալող ընտանիքներն ու հակամարտությունից տուժած տեղի բնակիչները։
Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը ողջունել է «Հայկական Կարիտաս»-ի այս նախաձեռնությունը և նշել, որ մարզային իշխանությունները պատրաստ են աջակցելու և համագործակցելու բոլոր այն ծրագրերի իրականացման ընթացքում, որոնք կարող են թեթևացնել մարզի ազգաբնակչության և այստեղ ապաստանած մեր հայրենակիցների հոգսերը:
«Մենք պատրաստ ենք համատեղ աշխատանքի ցանկացած ձևաչափով և մեր հնարավորությունների սահմաններում կաջակցենք ձեր նախաձեռնությունների իրականացմանը, հատկապես, երբ պետք է այս աշխատանքներում միմյանց փոխլրացնենք, համագործակցենք։ Շիրակի մարզպետարանը կարևորում է այսօրինակ ձեռնարկների իրականացումը և կտրամադրի անհրաժեշտ տեղեկատվությունը ձեր աշխատանքներն առավել դյուրին դարձնելու համար»,- ասել է մարզպետը։
Ծրագրի նպատակն է աջակցել պատերազմի արդյունքում տեղահանված և հակամարտությունից տուժած ընտանիքներին՝ վերակառուցել իրենց կյանքը, այդ թվում՝ կեցության պայմանների բարելավում փոքր վերանորոգումների միջոցով հակամարտությունից տուժած 500 ընտանիքի համար, ներառյալ՝ Արցախից տեղահանված, հյուրընկալող և պատերազմից տուժած այլ խոցելի ընտանիքներ, կենսապապայմանների առաջնային ապահովման աջակցություն` 400 տեղահանված ընտանիքի արտադրական ակտիվների տրամադրման միջոցով, տարբեր շահակիր կառույցների կողմից իրականացվող ծրագրերի և ոլորտում մատուցվող ծառայությունների քարտեզագրում և 600 ընտանիքի համար ուղղորդման գործողությունների իրականացում՝ գնահատված կարիքին համապատասխան: