Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովը (USCIRF) խիստ մտահոգված է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու վիճակով:
«USCIRF-ն անհանգստացած է պաշտամունքի և կրոնական այլ վայրերի ամբողջականության ու պահպանման վերաբերյալ զեկույցներից: Դրանց թվում են Շուշիի հայ առաքելական Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին, որի գմբեթները, տեղեկությունների համաձայն, «վերականգնման» անվան տակ հանվել են՝ առանց հոգևոր համայնքի մասնակցության»,- հայտարարել է USCIRF-ի հանձնակատար Նադին Մաենզան:
Նա հավելել է, որ չնայած մայր տաճարը վերականգնման կարիք ունի ադրբեջանական գնդակոծությունների հետևանքով վնասվելուց հետո, խիստ անհրաժեշտ է, որ այն և մյուս վայրերը պատշաճ կերպով վերականգնվեն ու պահպանվեն:
Կրոնական միջազգային ազատության ԱՄՆ հանձնաժողովը 2021-ի զեկույցում ԱՄՆ պետդեպարտամենտին կոչ էր արել ուշիուշով հետևել Ադրբեջանին, որը ներգրավված է կրոնական ազատության կոպիտ խախտումներում: