Գլխավոր դատախազությունը մայիսի 18-ին հաղորդեց, որ դատարան է ուղարկվել պաշտոնատար անձի կողմից Հայաստան դիզվառելիքի ներմուծմանը խոչընդոտելու դեպքով քրեական մի գործ։
Մասնավորապես, ըստ դատախազության, Ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Ա.-ն 2005-ին ապօրինի հանձնարարություն է տվել իր ենթակա, Բագրատաշենի մաքսակետի պետի տեղակալ Ա.Մ-ին՝ առանց իր թույլտվության չիրականացնել դիզվառելիքի ներմուծում։
«Ի կատարումն նշված ապօրինի հանձնարարության՝ վերջինս, իր հերթին, Բագրատաշենի մաքսային կետի ձևակերպման բաժանմունքների պետերին հանձնարարել է դիզելային վառելիքի ներմուծման դեպքերում զեկուցել իրեն և առանց իր թույլտվության չիրականացնել մաքսային ձևակերպում:
2015 թ. նոյեմբերին 7-ին «Կ... Ի...» ՍՊԸ-ն ՌԴ Վոլգոգրադ քաղաքում ձեռք է բերել 500 տ դիզելային վառելիք, որի մի մասը՝ 181.6 տ, մինչև 2015 թ. նոյեմբերի 26-ը փոխադրվել է ՀՀ, նույն մաքսային կետում ստացել է մաքսային ձևակերպում և մատակարարվել «Թեղուտ» ՓԲԸ-ին: Վառելիքի մյուս մասը երկու խմբաքանակով ՀՀ է փոխադրվել 2015 թ. դեկտեմբերին»,- նշված է Գլխավոր դատախազության հաղորդագրությունում։
Այնուհետև մաքսայինի աշխատողները, կատարելով փոխնախարարի հանձնարարականը, չեն կատարել մաքսազերծում ու դիզվառելիքի բեռնատարները տեղափոխվել են Այրումի մաքսային պահեստի տարածք, իսկ փոխնախարարը հրահանգել է որևէ գործողություն չկատարել ու սպասել իր հանձնարարություններին։
«Մինչև 2015 թվականի դեկտեմբերի 11-ը, առանց որևէ պատճառաբանություն ներկայացնելու, վարորդներին չեն վերադարձվել փաստաթղթերը, ապա նշված ավտոմեքենաներն ուղեկցվել են հայ-վրացական պետական սահմանի չեզոք գոտի, որտեղ առանց ձևակերպման, վարորդներին վերադարձվել են փաստաթղթերը, նրանցից պահանջել են դիզելային վառելիքով բեռնված ավտոմեքենաները դուրս բերել ՀՀ տարածքից: Այնուհետև, Ա. Ա.-ն տեղեկացրել է Ս. Մ.-ին, որ վերը նշված բեռնատարները վերադառնալու են ՀՀ և հանձնարարել է առանց ձգձգումների կատարել բեռի ձևակերպումն ու բաց թողնել ՀՀ տարածք։ Եվ 2015 թ. դեկտեմբերի 14-ի երեկոյան մատակարար և տեղափոխող ընկերությունների միջամտության արդյունքում նշված ավտոմեքենաները վերադարձել և, հատելով վրաց-հայկական պետական սահմանը, կրկին մուտք են գործել Բագրատաշենի մաքսային կետի տարածք, որտեղ նույն օրը սահմանված կարգով կատարվել է «Մաքսային տարանցում» ընթացակարգի եզրափակում ու վարորդները հնարավորություն են ստացել փոխադրել բեռը»,- ասված է հաղորդագրությունում։
Ֆինանսների նախկին փոխնախարարի այս գործողությունների հետևանքով «Կ... Ի...» ՍՊԸ-ի օրինական շահերին վնաս է պատճառվել, ընկերությունն ավտոմեքենաների հարկադիր պարապուրդի համար ստիպված է եղել վճարել 8.3 միլիոն դրամ, իսկ հետագայում դադարեցրել է դիզվառելիքի ներմուծման գործունեությունը։
Փոխնախարարը, որ իրականացրել է այս գործողությունները, Արթուր Աֆրիկյանն է։ Նա Ազգային անվտանգության ծառայությունում քննվող մեկ այլ քրեական գործով հետախուզվում է, ու Աֆրիկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ 2020-ի փետրվարին ԱԱԾ-ն հաղորդել էր, որ ըստ փաստական տվյալների՝ 2014-2016 թթ. Ֆինանսների նախարարի տեղակալը, նախարարի հետ միասին, մաքսային մարմիններն արդի տեխնոլոգիաներով վերազինելու նպատակով արտոնյալ վարկային միջոցներով ձեռք էր բերել 2.3 միլիարդ դրամի էլեկտրոնային կողպեքներ՝ 8500 միավոր, սակայն ընդամենը 251 միավոր կողպեք է օգտագործվել՝ այդպիսով պետությանը պատճառելով 1.7 միլիարդ դրամի վնաս։ Արթուր Աֆրիկյանը, ըստ մամուլի հրապարակումների, հետախուզվում է այս գործով։
Աֆրիկյանը եղել է Պետեկամուտների նախարարի խորհրդական, Մաքսային պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար, Կոմիտեի նախագահի տեղակալ, իսկ 2014-2016-ին՝ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ։ Աֆրիկյանը պաշտոնանկ արվեց Կարեն Կարապետյանի՝ վարչապետ դառնալուց հետո։ «Հետքը» 2018-ին անդրադաձել էր Դուբայում հայ պաշտոնյաների ու օլիգարխների ունեցած ունեցվածքին։ Դուբայի «Բուրջ Խալիֆա» երկնաքեր համալիրում Աֆրիկյանը 2014-ին 43-րդ հարկում բնակարան էր ձեռք բերել։ Դուբայի կենտրոնում գտնվող մեկ այլ հյուրանոցային համալիրում՝ Address Dubai Mall-ում, Աֆրիկյանը 33-րդ հարկում բնակարան ունի, ևս 3 բնակարան Աֆրիկյանը ձեռք է բերել Դուբայի կենտրոնի մեկ այլ հինգաստղանի հյուրանոցում՝ Address Downtown-ում։
Աֆրիկյանի գործողությունների արդյունքում տուժած ընկերությունը «Կապիտալ ինվեստ» ՍՊԸ-ն է։ Այս ընկերությունը հիմնվել է 2015-ին։ Ըստ իրավաբանական անձանց էլեկտրոնային ռեգիստրի՝ ընկերության միակ բաժնետերը ներկայում Հարություն Վարսանյանն է։ Վերջինս վառելիքի շուկայի մեկ այլ ընկերությունում՝ «Էյ բի էքսպորտ»-ում ևս մասնակցություն ունի 50 տոկոս բաժնեմասի չափով (Էյ բի էքսպորտ»-ում բաժենմաս է ունեցել, ապա այն օտարել է նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հայրը՝ Գագիկ Վանեցյանը)։ «Կապիտալ ինվեստ»-ը ՊԵԿ-ում գրանցված է որպես վառելիքի ու այլ հարակից արտադրանքի մեծածախ առևտրով զբաղվող ընկերություն։