«Աերոֆլոտ» ընկերությունը դադարեցրել է դեպի Թուրքիա տոմսերի վաճառքը հունիս ամսվա համար, որպեսզի խուսափի չվերթերի հնարավոր չեղարկման հետևանքով ուղևորներին պատճառվող անհարմարությունից: РБК-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել է ընկերության ներկայացուցիչ Միխայիլ Դեմինը:
«Ճամփորդությունները մշտապես պլանավորվում են ամիսներ առաջ: Մենք դադարեցրել ենք վաճառքը և չեղարկել ենք հունիսի համար դեպի Թուրքիա բոլոր չվերթերը՝ բացառությամբ շաբաթական 2 չվերթի, որոնք թույլատրել է կառավարության շտաբը»,-ասել է նա:
Միխայիլ Դեմինը հավելել է, որ երբ կայացվեն այլ որոշումներ, ընկերությունը պատրաստ է վերանայել չվացուցակը և անհրաժեշտության դեպքում վերսկսել տոմսերի վաճառքը:
Թուրքիան ապրիլի 29-ին հայտարարել էր խիստ սահմանափակումների մասին՝ կապված երկրում կորոնավիրուսով վարակվածների թվի կտրուկ աճի հետ: Նախագահ Ռեջեփ Էրդողանն էլ նշել էր, որ իշխանություններին հաջողվել է համաճարակային իրավիճակը պահել վերահսկողության տակ: