Ինչպես հայտնի է, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։ Ամերիկյան կողմն անընդունելի և սադրիչ է համարել Հայաստանի սահմանից ներս ադրբեջանական ուժերի գործողությունները և տեղեկացրել, որ այս դիրքորոշումը ներկայացվելու է նաև ադրբեջանական ղեկավարությանը՝ պահանջով՝ դուրս բերել իրենց ուժերը Հայաստանի տարածքից:
«Լուրերի» հետ զրույցում Սալիվան-Փաշինյան հեռախոսազրույցի առանցքային կետերին է անդրադարձել քաղաքագետ Նարեկ Մինասյանը:
«ԱՄՆ կողմից մինչև այսօր եղել է երեք հայտարարություն: Առաջին երկուսը փոքրիշատե հակասական տարրեր էին պարունակում: Իհարկե, այնտեղ կարևորվում էր ադրբեջանական զորքերի դուրսբերումը ՀՀ տարածքից, սակայն միևնույն ժամանակ օգտագործվում էր մեզ համար անընդունելի բառակազմ, մասնավորապես ընդգծվում էր, օգտագործվում էր «չճշտված» կամ «վիճելի տարածքներ» եզրույթը: Այս առումով բավական կարևոր է, որ հայկական կողմի հետ հեռախոսազրույցում ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը հանդես էր եկել բավական ճիշտ, սրբագրված բառակազմով: Առնվազն հեռախոսազրույցի ժամանակ Սալիվանը զերծ է մնացել «վիճելի տարածք» եզրույթի օգտագործումից և ընդգծել է Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը: Սա բավական կարևոր արձանագրում է և առնվազն ցույց է տալիս, որ ԱՄՆ-ի համար ակնհայտ է՝ Ադրբեջանը փաստացի խախտել է ՀՀ տարածքային ամբողջականությունը, և ադրբեջանական ուժերը պետք է հեռանան»,- ասել է Նարեկ Մինասյանը: