Ընտանեկան կարգավիճակի, ամուսնության, ծննդյան, ամուսնալուծության, որդեգրման, հայրության ճանաչման, անունը փոխելու, մահվան գրանցման տեղեկանքների համար պետական վճարման կարիք էլ չի լինի: Քաղաքացիական կացության ակտերի գրանցման ծառայություններից որոշների համար էլ պետտուրքերը հանվում են կենսաթոշակառուների, առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցողների, անապահով ընտանիքների, ռազմական գործողությունների մասնակիցների կամ զոհվածների ամուսնու, երեխայի ու ծնողի համար: Արդարադատության նախարարությունից հաշվել են՝ ամեն տարի 13000 հոգի այս տեղեկանքների համար 2000-ական դրամ պետական տուրք էր վճարում: Ծառայությունների ժամկետներն էլ կրճատել են: Օրինակ՝ անունը փոխելու համար նախկին 4-5 ամսվա փոխարեն կպահանջվի ընդամենը 15 օր: Հույս ունեն՝ այդպես կնվազեն նաև կոռուպցիոն ռիսկերը:
Օնլայն գրանցումները խրախուսելու համար էլ անհատ ձեռներեցների հաշվառումն առցանց գրանցելու դեպքում ևս 3000 դրամ պետական տուրքը չի գանձվի։ Եթե մարդկանց անվան կամ ծննդյան ամսաթվի մեջ սխալ կա, ապա կրկին պետական տուրք այլևս չեն վճարի:
QR կոդով թվայնացնելու են նաև գրանցումները, թղթային տարբերակի փոխարեն կուղարկեն քաղաքացու էլեկտրոնային հասցեին:
Առաջին անգամ նաև հյուպատոսարանները Հայաստանից դուրս բիզնես գրանցելու կամ բիզնեսի մասնաբաժին ունենալու հնարավորություն կունենան:
Եվ նոր ընտանիքներ կազմողների մասին. ամուսնությունը գրանցելու համար այլևս գումար չի գանձվի։ Մարզահամերգային համալիրում էլ իրենց համատեղ կյանքը գրանցողները 1 ամսում 30-ից ավելի են: Եթե ցանկացողները շատ լինեն, մարզերում ևս կփորձեն ամուսնությունները նման արարողությամբ գրանցել: