Գեղարքունիքի մարզի Կութ և Վերին Շորժա համայնքների ուղղությամբ իրավիճակը վերջին օրերին առանձնապես չի փոխվել: Ադրբեջանական զինված ուժերը առաջխաղացման փորձ չեն կատարել, հայկական կողմն էլ դեռ չի դիմում կտրուկ քայլերի՝ ձգտելով բանակցությունների միջոցով լուծում գտնել: Վարդենիսի քաղաքապետ Արամ Մելքոնյանը նույնիսկ արձանագրել է հակառակորդի փոքրաթիվ ուժերի հետնահանջ:
Քաղաքապետի խոսքով՝ այդ ուղղությամբ տեղակայված Հայաստանի զինված ուժերը այժմ ամրացնում են դիրքերը: Այս օրերի ընթացքում հասցրել են նաև որոշակի պատկերացում կազմել հակառակորդի թվաքանակի վերաբերյալ:
Վարդենիսի քաղաքապետը համոզված է՝ տեղային բանակցությունները որևէ արդյունքի չեն բերի: Հարցը շատ ավելի գլոբալ է: Անհրաժեշտության դեպքում զինված ուժերն ի զորու կլինեն հակառակորդին հետ շպրտել՝ հայտարարում է Մելքոնյանը՝ միաժամանակ հերքում հայկական զորքի շրջափակման մասին լուրերը:
Ադրբեջանի զինված ուժերը սահմանը խախտել և առաջ էին շարժվել մայիսի 12-ին: Հակառակորդը դիրքավորվել էր Կութ և Վերին Շորժա գյուղերի ուղղությամբ, ինչպես նաև Սյունիքի մարզի Սև լճի հատվածում: Բանակցությունները դեռ ցանկալի արդյունք չեն տվել: