ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրեսին տեղեկացրել է, որ հաստատել է Իսրայելին 725 մլն դոլար արժողությամբ գերճշգրիտ զենքի և ռազմական տեխնիկայի խմբաքանակի վաճառքը, հաղորդում է The Washington Post-ը ՝ վկայակոչելով Կոնգրեսի աղբյուրները:
Կոնգրեսն ավանդաբար հաստատում է Իսրայելի հետ նման գործարքները: Այնուամենայնիվ, որոշ դեմոկրատ կոնգրեսականներ այս անգամ կասկածներ են հայտնել Իսրայելին նման աջակցության նպատակահարմարության վերաբերյալ: Պատճառը պաղեստինա-իսրայելական լարվածության սրացումն է, երկկողմ ինտենսիվ հրթիռածություններն ու ավիահարվածները:
Ըստ վերջին տվյալների՝ յոթնօրա ռազմական գործողությունների հետևանքով իսրայելական կողմից զոհվել է առնվազն 10 մարդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են: Պաղեստինյան կողմը հայտնում է ավելի քան 200 զոհի և գրեթե 6000 վիրավորի մասին:
ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը վստահեցրել է, որ կուլիսներում ակտիվ աշխատանքներ են տարվում հակամարտությունը կարգավորելու ուղղությամբ, և Վաշինգտոնը տարբերություն չի դնում պաղեստինցիների ու իսրայելցիների միջև, քանի որ համոզված է, որ երկու ժողովուրդն էլ ունի անվտանգ ապրելու իրավունք:
Միաժամանակ ռազմական գործողությունները տարածաշրջանում շարունակվում են, պաղեստինցիները հայտարարում են, որ բնակավայրերից բացի, իրենց թիրախում են հայտնվել իսրայելական «Հացերիմ» ավիաբազան և «Օրիմ» հենակայանը: Իսրայելական կողմն էլ պնդում է, որ ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ի 1500 օբյեկտ: