Պետությունների սահմանը ոչ թե կեղծ քարտեզներով կամ ցանկությամբ է գծվում, այլ պատմական փաստերի, տարածքների հաստատված սահմանազատմամբ: Ադրբեջանի տարածքային հավակնություններին ու ֆեյք, կեղծ քարտեզներին է անդրադարձել կյանքի 40 տարին պատմական հին քարտեզների ուսումնասիրմանը նվիրած մասնագետը: Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքները մեկնարկել են դեռ 1922-ին: Ռուբեն Գալչյանը Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի՝ առաջին՝ 1926 թվականի դեռևս չկնքված քարտեզն է հրապարակել, որտեղ ևս Սև լիճը Հայաստանի տարածքում է:
Ռուբեն Գալչյան, քարտեզագետ - Սա 1926-ի սովետական քարտեզն է Հայաստանի, սրանից հին քարտեզ, եթե դուք ուզում եք Ադրբեջանը գոյություն ունենա, չկա, քանի որ 1918-ից առաջ Արաքսից հյուսիս Ադրբեջան գոյություն չուներ: Այդ տարածքը կոչվում էր Շիրվան, կային խանություններ: 1922-29 թթ. Կարմիր Քրդստանի պատրվակով հողեր տվեցին Հայաստանից: Սև լճի տարածքի 1/6-7 մասը տվեցին Ադրբեջանին, մնացորդը Հայաստանի տարածքն է: Դա փաստում են խորհրդային քարտեզները, որոնցից մի օրինակը սա է, որտեղ Սև լճի վրայով անցնում է Հայաստանի և Ադրբեջանի սահմանը. հարավը Հայաստանն է, հյուսիսը՝ Ադրբեջանը: