Հյուսիսային պողոտայի՝ պատվաստումային շրջիկ կետում գործընթացն այնպիսի ակտիվ տեմպով է ընթանում, որ քաղաքացիներն իրենց հերթին են սպասում ժամերով: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների մեկնարկից մինչև օրս Հայաստանում պատվաստվել է 19 249 մարդ: Շրջիկ պատվաստումային կետերի տեղադրումից հետո, ասում են մասնագետները, գործընթացն ավելի է ակտիվացել:
Ալեքսանդր Բազարչյան, Առողջապահության ազգային ինստիտուտի տնօրեն - Իհարկե, դա բարձրացնում է պատվաստման հասանելիությունը, բայց խնդիրը միայն դա չէ: Սա ցույց է տալիս, որ դա բավականին անմեղ գործընթաց է: Այնպես չէ, որ Հայաստանում առաջինն են կիրառվում շրջիկ թիմերը: ԱՄՆ-ում նույնպես մի շարք միջոցառումներ են իրականացնում: Գործւնթացն այնքան հասանելի ենք դարձրել, որ անգամ բենզալցակայաններում մարդիկ կարող են պատվաստվել, եկեղեցիներում՝ պատարագներից հետո: Դա հեշտացնում է գործընթացը, մարդկանց մոտ վստահությունն է բարձրանում:
Մասնագետները խորհուրդ են տալիս Երևանի այլ պատվաստումային կետեր նույնպես այցելել, որպեսզի Հյուսիսային պողոտայում այսպիսի հերթեր չգոյանան: Մայրաքաղաքում այս պահին գործում է 6 կետ:
Ալեքսանդր Բազարչյան - Կան կետեր, որոնք տեղափոխվում են տեղից տեղ՝ ըստ նրա, թե դա աշխատանքային, թե ոչ աշխատանքային օր է: Այս պահի դրությամբ Երիտասարդական մետրոյի մոտ է, Կասկադի մոտ է, Մալիբու սրճարանի այգում է, Վազգեն Սարգսյանի փողոցի վրա՝ Կենտրոնական բանկի դիմացի այգում: Ոչ աշխատանքային օրերին տեղակայված է լինում Վերնիսաժին հարակից այգում:
Պատվաստում հնարավոր է իրականացնել նաև երկու մոլերում: Եվ որպեսզի աշխատանքային ժամերին աշխատավայրից դուրս գալու հնարավորություն չունեցող քաղաքացիները նույնպես խնդրի առաջ չկանգնեն, որոշ պատվաստումային կետեր, օրինակ՝ Մարգարյան ծննդատան հարակից այգու, Կասկադի հարակից տարածքի պատվաստումային կետերն աշխատում են 16;00-ից մինչև կեսգիշեր: Հայաստանի ևս 3 խոշոր քաղաքում՝ Գյումրիում, Վանաձորում և Դիլիջանում, նույնպես գործում են շրջիկ կետեր:
Ալեքսանդր Բազարչյան - Ընդմիջման ժամանակ կարող են պատվաստվել, աշխատանքից հետո: Կարող են ընդհանրապես մի քանի օր կամաց-կամաց պատրաստվեն՝ մոտենան, ծանոթանան, հարցուփորձ անեն, նոր պատվաստվեն:
Շրջիկ կետերում պատվաստումներ են իրականացնում այս պահին Հայաստանում եղած բոլոր 3 պատվաստանյութերով՝ «Աստրա Զենեկայով», «Սպուտնիկ Վի»-ով և արդեն մի քանի օր է նաև չինական «Սինովակով»: Ի դեպ, այսօր Հայաստան է հասել շվեդա-բրիտանական արտադրության «Աստրա Զենեկայի» երկրորդ խմբաքանակը՝ 50 հազար դեղաչափ: