Դատավորներին վեթինգի ենթարկելու օրենքի նախագիծն Ազգային ժողովում դրվել է շրջանառության մեջ: Պատգամավորներ Արման Բաբաջանյանի ու Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած օրինագծով առաջարկվում է ստուգել ոչ թե դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների և Սահմանադրական դատարանի դատավորների մասնագիտական որակները, այլ դատավորի կարգավիճակի հետ անհամատեղելի խոցելիության առկայությունը:
Նիկոլայ Բաղդասարյան (ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Նախագծի նպատակն է ոչ թե դատավորներից ազատվելը, այլ նախագծի նպատակն է, որպեսզի հանրության վստահությունը վերականգնենք դատական իշխանության նկատմամբ:
Վեթինգի իրականացման համար ձևավորվելու է 6 հոգուց բաղկացած հանձնաժողով, որի անդամներին ընտրելու է Ազգային ժողովը: Ըստ նախագծի՝ գործընթացով անցած դատավորների վերաբերյալ եզրակացությունը հանձնաժողովը տրամադրելու է Բարձրագույն դատական խորհրդին, որն էլ որոշում է կայացնելու վեթինգի ենթարկվածի լիազորությունները դադարեցնելու, նրան կարգապահական պատասխանատվության ենթարկելու կամ գործունեությունը շարունակել թույլատրելու մասին:
Նիկոլայ Բաղդասարյան - Հանձնաժողովում հիմնականում իրավաբաններ պետք է լինեն, սակայն դա պարտադիր պայման չէ: Կան բացառող հանգամանքներ, որ չի կարող լինել դատավոր, չի կարող լինել դատական իշխանության ներկայացուցիչ, դատավորի օգնական, քննիչ, դատախազ, նախկինում որոշ պաշտոններ զբաղեցրած սուբյեկտ, չի կարող լինել անձ, որի վերաբերյալ կա վեճ դատարանում:
Դատական իշխանություն իրականացնող պաշտոնյաների խոցելիության ստուգման մասին օրինագծի համաձայն՝ այն դատավորները, որոնք չեն ցանկանա ենթարկվել վեթինգի, կարող են հրաժարվել դրանից, սակայն լիազորություններն ինքնակամ դադարեցնելու պայմանով: Պատգամավորների ներկայացրած օրինագծի վերաբերյալ իր եզրակացությունը պետք է ներկայացնի նաև կառավարությունը, որը վերջին երեք տարիների ընթացքում մշտապես խոսել է վեթինգի իրականացման անհրաժեշտության մասին:
Վահե Դանիելյան (ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ) - Սահմանված ժամկետում կքննարկվի, ու նախարարությունը կարտահայտի իր վերաբերմունքն օրինագծի հետ կապված: Ինչ վերաբերում է վեթինգին, ապա արդարադատության նախարարությունը՝ նախարարի գլխավորությամբ, բազմիցս անդրադարձել է այդ հարցին, և, կարծում եմ, լրացուցիչ անդրադարձի կարիք չկա:
Բարձրագույն դատական խորհրդից ևս տեղեկացրին, որ վեթինգի վերաբերյալ պատգամավորների ներկայացրած օրենքի նախագիծն ուսումնասիրման փուլում է:
Նորայր Շողիկյան