Մալիշկայի մշակույթի տանը հարգանքի տուրք են մատուցել Արցախյան հերոսամարտերի մասնակիցների և իրենց կյանքը հանուն հայրենիքի նվիրած անմահ հերոսների հիշատակին: Այս մասին հայտնում է Վայոց ձորի մարզպետարանը:
«Կյանքս՝ կյանքիդ գնով» խորագիրը կրող միջոցառմանը ներկա են եղել ՀՀ Վայոց ձորի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Կարապետյանը, Մալիշկա համայնքի ղեկավար Գարիկ Նազարյանը, հերոսների ծնողներ, հարազատներ և ընկերներ:
«Միջոցառումը միտված էր ոչ միայն երախտագիտության խոսքեր հայտնելու մեր հերոսներին և նրանց հարազատներին, այլև իր մեջ պարունակում էր հայրենիքի զարգացման և ամրապնդման գաղափարի շուրջ համախմբման խորհուրդ, որպեսզի մեր պատմության էջերից մեկընդմիշտ բացառենք նման արհավիրքների կրկնությունը:
Ի թիվս հազարավոր հայ քաջորդիների, Մալիշկա համայնքի հերոսներն առանց վարանելու գնացին հայրենիքի սահմանները պաշտպանելու: Կռվում էին քաջ գիտակցելով՝ ում հետ և ինչի համար, ուստի այս պատերազմում չկար չգիտակցված մահ, և այս Վարդանանց կարգախոսի ներքո անմահացան մեր հայորդիները՝ հանուն ընտանիքի, հանուն սեփական հայրենիքում ազատ, անկախ ապրելու իրավունքի»,- ասված է հաղորդագրությունում: