Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանում ուշադիր հետևում են Հայաստանի սահմանային զարգացումներին, և դա քննարկվելու է առաջիկա օրերին՝ Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ անդամ երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին. հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ Հայաստանի պաշտպանության նախարարի պաշտոնակատարի հետ հեռախոսազրույցում:
Վաղարշակ Հարությունյանն արձանագրել է՝ չնայած հանգամանքին, որ ադրբեջանական զինվորականների մի քանի խմբեր նախորդ օրերին և այսօր վերադարձել են իրենց ելման դիրքեր, նրանց մի մասը դեռևս շարունակում է մնալ Հայաստանի տարածքում և, փաստացի, ադրբեջանական սադրանքի հետևանքով ստեղծված խնդիրը չի լուծվել։ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը Զասին ներկայացրել է, որ ադրբեջանցի զինվորականները հայկական ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ են, նշել՝ սահմանային այդ հատվածներում երկու կողմից էլ մեծ ուժեր են կուտակված, իրավիճակն արագ չհանգուցալուծելու դեպքում հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։
Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումները վարչապետի պաշտոնակատարը հեռախոսազրույցի ընթացքում ներկայացրել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին: Փաշինյանը զրուցակցի ուշադրությունը հրավիրել է ՀԱՊԿ շրջանակում հարցը պատշաճ քննարկելու և տեղի ունեցածի վերաբերյալ կառույցում ներառված երկրների դիրքորոշումների համադրման անհրաժեշտության վրա: Նախագահ Լուկաշենկոն մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և իրավիճակը խաղաղ հանգուցալուծելու համար ջանքեր գործադրելու պատրաստակամություն հայտնել:
Փաշինյանը խնդիրը հեռախոսով քննարկել է նաև ՀԱՊԿ անդամ Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ և անթույլատրելի համարել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունը՝ կարևորել խնդրի լուծման նպատակով ՀԱՊԿ գործընկերների դիրքորոշումների համադրումը։
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին՝ սահմանազատման և սահմանագծման հարցերում՝ հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը: «Ադրբեջանական կողմը սահմանային միջադեպից հետո հայտարարություններ էր անում՝ տեղի ունեցածը բացատրելով թյուրիմացությամբ և, ամենակարևորը, սահմանի բացակայությամբ, որը սահմանազատված և սահմանագծված պետք է լիներ։ Այնտեղ ոչ ոք երբեք դրանով չի զբաղվել։ Մենք կողմերին առաջարկել ենք, որ նրանք դրանով զբաղվեն։ Մենք պատրաստ ենք աջակցել նրանց և' քարտեզագրական նյութեր տրամադրելու, և' խորհրդատվական ծառայություններ մատուցելու հարցում»,- ասել է Լավրովը։
Ռազմական օգնության հարցը Վլադիմիր Պուտինը և Նիկոլ Փաշինյանը բազմիցս քննարկել են՝ արձանագրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը և նշել, որ կդժվարանա պատասխանել, թե արդյո՞ք Պուտինն ստացել է Փաշինյանի պաշտոնական նամակը: Ռուսական կողմը մշտական կապի մեջ է Երևանի և Բաքվի հետ՝ հայտարարել է Պեսկովն ու ընդգծել՝ Ռուսաստանի նախագահը համոզված է՝ եռակողմ պայմանավորվածությունների կատարումն այլընտրանք չունի, և այժմ եռանդուն ջանքեր են գործադրվում լարվածությունը լիցքաթափելու և սահմանին իրավիճակը շտկելու համար: