Հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում ադրբեջանական ուժերի կողմից լարվածության աճի միտում կա. Անվտանգության խորհրդի նիստից հետո Ֆեյսբուքում գրեց վարչապետի պաշտոնակատարը:
Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ ադրբեջանցի զինծառայողները պետք է լքեն Հայաստանի Հանրապետության տարածքը: Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը, անդրադարձել մայիսի 12-ից հետո հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին:
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Սկսած ամսի 14-ից՝ զինծառայողների որոշ խմբեր դուրս են եկել Հայաստանի Հանրապետության տարածքից, նման պրոցես տեղի է ունեցել նաև երեկ երեկոյան, նաև նախանշան կա, որ կարող է այսօր տեղի ունենալ, բայց, ընդհանուր առմամբ, ռազմաքաղաքական իրադրությունն ամսի 12-ից հետո համարում եմ անփոփոխ: Այսինքն՝ ռազմաքաղաքական առումով մեծ փոփոխություններ տեղի չեն ունեցել, որոշ խմբեր դուրս են եկել, բայց դրանից իրադրությունը չի փոխվել:
Սահմանին ներկա լարվածության ֆոնին զուգահեռ, նաև ներքին տեղեկատվական պայքար է ընթանում: Որոշ քաղաքական ուժեր, Փաշինյանի գնահատմամբ՝ թիկունքում պրոադրբեջանական գործունեություն են ծավալում:
Նիկոլ Փաշինյան - Հիմա ինձ համար ակնհայտ է, որ Հայաստանի Հանրապետությունում գործում են Ադրբեջանի տեղեկատվական պայքարի գործակալներ, նրանց անուն, ազգանունները նույնիսկ կարելի է նշել, և այդ մարդիկ 2020 թվականին Ադրբեջանի նախագահին հրավիրում էին հարձակվել Հայաստանի Հանրապետության վրա, այս իրադարձություններից առաջ ցույց էին տալիս մոտավորապես այն տեղանքները, որտեղից կարելի է ներխուժել Հայաստանի Հանրապետության տարածք, և նրանք հիմա նաև Հայաստանի Հանրապետության հանրության շրջանում տարածում են Ադրբեջանի քարոզչական թեզեր ու, ըստ էության, հուշում են, թե ինչպիսի բանակցային դիրքորոշումներ որդեգրի Ադրբեջանը, որպեսզի դրանք առավել նպաստավոր լինեն իրենց քաղաքական պայքարի համար:
«Զանգեզուրի միջանցք» շրջանառվող թեզի մասին: Վարչապետի պաշտոնակատարը շեշտում է՝ Հայաստանը երբեք միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու:
Նիկոլ Փաշինյան - Այն քննարկումները, որ մենք ունեցել ենք, հրապարակային են, դրանք արտահայտված են հունվարի 11-ի համատեղ հայտարարության և եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետ կապված պաշտոնական տեղեկատվության մեջ: Ուզում եմ ասել, որ տարածաշրջանի կոմունիկացիների բացումը, այո՛, մեր քաղաքական օրակարգում է, բայց դա որևէ կերպ չի կարող կապ ունենալ «միջանցքային» պրոպագանդայի հետ, որն այսօր շարունակում են քարոզել Ադրբեջանի և Հայաստանի կոնկրետ քաղաքական շրջանակներ:
Հայաստանի դիրքորոշումը հստակ է նաև սահմանների ճշգրտման ուղղությամբ. այն պետք է տեղի ունենա եռակողմ ֆորմատով, մինչդեռ Ադրբեջանը փորձում է կարմիր գիծ գծել երկու երկրների մակարդակով: Նիկոլ Փաշինյանը հիշեցնում է՝ կան կոնկրետ պայմանավորվածություններ խնդիրը եռակողմ լուծելու համար:
Նիկոլ Փաշինյան - Ինչպես կոմունիկացիաների բացման, այնպես էլ սահմանների ճշգրտման գործընթացն ինչքան անհրաժեշտ է Ադրբեջանին, այնքան էլ անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետությանը: Եվ սահմանների ճշգրտման առումով կա մի այսպիսի նրբություն. վերջին օրերին ադրբեջանական պրոպագանդան փորձ է անում առաջ քաշել այն միտքը, որ սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա երկկողմ ֆորմատով: Նման բան տեղի ունենալ չի կարող այն պարզ պատճառով, որ Հայաստանը և Ադրբեջանն իրար հետ, ըստ էության, չունեն հարաբերություններ: Եվ ինչպես կոմունիկացիաների բացման, նույնկերպ և սահմանների ճշգրտման գործընթացը պետք է տեղի ունենա եռակողմ ֆորմատով:
Հետագա անելիքների մասին. երեկ մինչև ուշ երեկո բանակցությունները շարունակվել են, չորեքշաբթի կվերսկսեն: Բանակցային սեղանին մեկ թեմա կա՝ ադրբեջանցի զինծառայողները պետք է դուրս գան Հայաստանի Հանրապետության տարածքից:
Քանի դեռ սա տեղի չի ունեցել՝ հարցը, իրավիճակը մենք գնահատում ենք որպես ճգնաժամ, որը սպառնալիք է ստեղծում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, կայունության, տարածքային ամբողջականության համար, իրավիճակ, որը ձևակերպված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կանոնադրությամբ, Հավաքական անվտանգության մասին պայմանագրով և ճգնաժամային իրավիճակների արձագանքման Հավաքական անվտանգության պայմանագրի կանոնակարգով: Քանի դեռ մեր առաջ քաշած լեգիտիմ խնդիրը չի լուծվել, ուրեմն այս բոլոր մեխանիզմները, զուգահեռ նաև հայ-ռուսական դաշնակցային մեխանիզմները պետք է գործարկվեն, որոնք նախատեսված են նման դեպքերի համար:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանի սահմանին ստեղծված ներկա իրավիճակը պետք է քաղաքական ճանապարհով լուծել: Չհաջողելու դեպքում գործի կդրվեն ռազմաքաղաքական մեխանիզմները՝ նախատեսված ՀԱՊԿ և հայ-ռուսական պայմանագրերով: