Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարության փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի այցը նոր հեռանկար է ստեղծում հայ-քրդական հարաբերությունների զարգացման համար։ Արևելագետ Արմեն Պետրոսյանի կարծիքով՝ խոսքը թե՛ տնտեսական, թե՛ քաղաքական առաջընթացի հնարավորության մասին է:
Արմեն Պետրոսյան, արևելագետ - 2021 թ․ ընթացքում ակնհայտորեն նկատվում են Իրաքյան Քրդստանի և Հայաստանի միջև զարգացման ակնհայտ միտումներ, որը դրսևորվեց նախ և առաջ Իրաքյան Քրդստանում հայկական հյուպատոսության բացման, ինչպես նաև մշակութային տնտեսական կենտրոնի բացման տեսքով, հայկական պատվիրակության այցի տեսքով տարածաշրջան և, իհարկե, Իրաքյան Քրդստանի փոխվարչապետի Հայաստան այցով:
ԱԳՆ հաղորդմամբ՝ Արա Այվազյանի և Քուբադ Թալաբանիի միջև տեղի են ունեցել Բարձր տեխնոլոգիաների, ստեղծագործ կրթության և զբոսաշրջության ոլորտներում փոխգործակցության մասին բանակցություններ։ Ազգային ժողովի Հայաստան-Իրաք բարեկամական խմբի ղեկավար, պատգամավոր Ռուստամ Բաքոյանի խոսքով՝ տարածաշրջանային այցելությունները կրում են պարբերական բնույթ ու հաստատում փոխադարձ հետաքրքրվածությունը։
Ռուստամ Բաքոյան, ՀՀ ԱԺ պատգամավոր - Այսօր ունենք պայմանավորվածություններ, որոնք արդեն կյանքի են կոչվում: Շատ կարևոր եմ համարում նաև առևտրաշրջանառությունը, որը վերջին տարիներին հասել է շուրջ 180 մլն դոլարի, և մենք դեռ բավականին մեծածավալ աշխատանքներ ունենք անելու:
Արևելագետ Արմեն Պետրոսյանը վստահեցնում է՝ Հայաստանի արտգործնախարարի և Իրաքի Քուրդիստանի փոխվարչապետի հանդիպումը բառացիկ նշանակություն ունի, այսպիսով, ըստ նրա, կարևորվում է հայկական դիվանագիտության դերը։
Արմեն Պետրոսյան - Իրաքյան Քրդստան-Հայաստան հարաբերությունների զարգացման գործում բավականաչափ մեծ է Հայաստանի Հանրապետության դիվանագիտության ներկայացուցչության դերը Բաղդադում՝ մասնավորապես պարոն Փոլադյանի անձնական և մասնագիտական գործառութային ջանքերը, որոնք բազմապատկել են մեր երկու երկրների՝ Հայաստանի և Իրաքի, ինչու ոչ՝ Հայաստանի և Իրաքյանի Քրդստանի միջև ներուժը:
Իրաքյան Քուրդիաստանում են գտնվում հայկական բազմաթիվ հուշարձաններ, դրանք, ազգությամբ քուրդ պատգամավորի հավաստմամբ, անվտանգ են։
Ռուստամ Բաքոյան - Հայկական մշակութային ժառանգության մեծ մասը գտնվում է Հյուսիսային Իրաքում՝ այն է քրդական ինքնավարության տարածքում: Այստեղ վտանգված չէր և հիմա էլ վտանգված չէ հայկական մշակույթը, լայն հնարավորություններ է տրվում և հայ համայնքն իրեն բավականին լավ է զգում:
Իրաքի Քուրդիստանի բարձրաստիճան պաշտոնյայի այցից հետո հայտարարվեց՝ Մատենադարանի և Էրբիլի Ասորական ժառանգության թանգարանի միջև ձեռագրերի արդիականացման և վերականգման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: