«Կատալոնիայի ձախ հանրապետականներ» և «Միասին՝ հանուն Կատալոնիայի» կուսակցությունները, որոնք հանդես են գալիս տարածաշրջանի անկախության օգտին, նախնական համաձայնության են եկել ինքնավար համայնքում կոալիցիոն կառավարություն ձևավորելու հարցում: Այս մասին երկուշաբթի հաղորդել է Europa Press գործակալությունը:
Մարտի վերջին երկու կուսակցությունների միջև համաձայնության բացակայության պատճառով չհաջողվեց «Կատալոնիայի ձախ հանրապետականների» ներկայացուցիչ Արագոնեսին հաստատել Կատալոնիայի կառավարության ղեկավարի պաշտոնում: Հույսեր կան, որ այս անգամ դա կհաջողվի:
Փետրվարի 14-ին Կատալոնիայում անցկացվել են խորհրդարանական ընտրություններ, և ըստ արդյունքների՝ ձայներով հաղթել էր Սոցիալիստական կուսակցությունը, որը պաշտպանում է Իսպանիայի միասնությունը: Այնուամենայնիվ, երեք անջատական քաղաքական ուժերը համատեղ կարողացել են ապահովել մեծամասնությունը շրջանային խորհրդարանում: