Երկրորդ շաբաթն է՝ շարունակվում իսրայելա-պաղեստինյան հակամարտությունը: Իսրայելը հայտարարել է, որ մեկ շաբաթում Գազայի հատվածից հրեական բնակավայրերի ուղղությամբ արձակվել է 3500 հրթիռ: Իսրայելը ավիահարվածներով ոչնչացնում է ՀԱՄԱՍ-ի հենակետերը, սակայն ռմբակոծության հետևանքով զոհվում են նաև խաղաղ բնակիչներ: Ըստ վերջին լուրերի՝ գիշերվա ավիահարվածներից զոհվել է 48 խաղաղ բնակիչ, այդ թվում 16 կին և 10 երեխա: Իսրայելի վարրչապետը հայտարարել է, որ վճռական է հակահարվածի հարցում:
Բենյամին Նեթանյահու (Իսրայելի վարչապետ) - Գազայում ՀԱՄԱՍ-ի դեմ Իսրայելի ռազմական գործողությունները կշարունակվեն «ամբողջ ուժով: Մենք հիմա գործում ենք և կշարունակենք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ լինի:
Իսրայելի վարչապետի նախազգուշացումը հնչել է հակամարտության կողմերին հրադադարի կոչ անելու ՄԱԿ-ի փորձերի ֆոնին: Կիրակի տեղի է ունեցել կազմակերպության Անվտանգության խորհրդի բաց նիստ, որի ընթացքում գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը շարունակական բռնությունները որակել է որպես «բացարձակ հրեշավոր»:
Անտոնիո Գուտերեշ (ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար) - Պայքարը պետք է դադարեցվի: Հրթիռները մի կողմից, ավիահարվածները՝ մյուս: Դրանք պետք է դադարեցվեն:
Սակայն ԱՄՆ-ը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ արգելափակել է Անվտանգության խորհրդի՝ Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անհապաղ հրադադար հաստատելու մասին հայտարարության ընդունումը: Հայտարարության նախագիծը, որով քննադատվում է հակամարտության երկու կողմը, պատրաստել էին Նորվեգիան, Թունիսը և Չինաստանը: Միացյալ Նահանգների ներկայացուցիչները խնդրել են «ավելի շատ ժամանակ տրամադրել իրենց սեփական դիվանագիտական ջանքերի համար»:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրները հայտարարությունը քննարկելու ժամանակ ունեն մինչ երկուշաբթի կեսօր: Հարցի շուրջ բանակցությունները շարունակվում են: