Պատրոն Դավիթ մականունով հայտնի Դավիթ Գալստյանը ազատ կարձակվի կալանքից։ Վերաքննիչ դատարանը այսօր բավարարել է նրա պաշտպանների բողոքը։
ԱԱԾ-ն Գալստյանին մեղադրանք է առաջադրել բանակին հրանոթի հին կրակոցներ մատակարարելու գործով, նա կալանավորված էր փետրվարի 2-ից։
Ըստ նախաքննական մարմնի՝ «Մոսսթոն ինջինիըրինգ» ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը պաշտպանության նախարարության հետ կնքել է պայմանագիր, պարտավորվել 2018 թ. բանակին մատակարարել 1983-1986 թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի արկեր, բայց մատակարարել է 1977 թ. չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որ էապես զիջել է մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։
Դատարանի բակում այսօր էլ հավաքվել էին Գալստյանի բարեկամներն ու նրան պատկանող ընկերության աշխատակիցները։
Արմեն Հարությունյան (Դավիթ Գալստյանի պաշտպան) - Ինչ որ այսօր տեղի ունեցավ, սա ուշացած արդարադատություն էր: Սերգեյ Մարաբյանն էր նախագահում դատական նիստը: Վերջիվերջո, մենք կարողացանք 4 ամիս հետո հասնել այս արդյունքին, բայց ես չեմ համարում, որ մենք սրանով ավարտել ենք մեր պայքարը, որովհետև մենք առջևում ունենք Վճռաբեկ դատարան:
ՀՀ գլխավոր դատախազությունից «Լուրերին» հայտնեցին, որ դատական ակտը ստանալուց և դրա հիմքերն ու պատճառաբանություններն ուսումնասիրելուց հետո կլուծվի դրա դեմ բողոք տանելու կամ չտանելու հարցը: «Սակայն, ելնելով նրանից, որ դատախազության համոզմամբ կալանավորման հիմքերի հետ կապված ռիսկերը վերացած չեն, ամենայն հավանականությամբ բողոք կտարվի»,- տեղեկացրին դատախազությունից: