Հարավային Կովկասի դիմակայությանն ու խաղաղաշինությանը միտված ջանքերի շրջանակներում Երոպական միությունը ավարտին է հասցնում նախապես հայտարարված հավելյալ 10 մլն եվրո մարդասիրական աջակցության տրամադրումը, այդ թվում՝ ԼՂ և դրա շրջակա տարածքների վերջին հակամարտության ազդակիր քաղաքացիական բնակչության հրատապ վերականգնմանն աջակցելու նպատակով։
Այս աջակցության տրամադրմամբ՝ 2020 թվականի սեպտեմբերից հատկացված ԵՄ աջակցությունը կկազմի 17 մլն եվրո, հայտնում են Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունից:
«Տարածաշրջանում ստեղծված հումանիտար իրավիճակը շարունակում է պահանջել մեր ուշադրությունը, իսկ Քովիդ-19 համավարակի բռնկմամբ՝ հակամարտության հետևանքներն էլ ավելի են սաստկանում։ ԵՄ-ն էականորեն ավելացնում է օժանդակության ծավալը՝ հակամարտության ազդակիր բնակչության անհետաձգելի կարիքների հոգածության ու նրանց կյանքի վերականգնմանն օգնելու նպատակով»,- նշել է Ճգնաժամային իրավիճակների կառավարման հարցերով ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը։
«Ինչպես հայտարարել էինք նախորդ տարվա վերջին, այսօր տրամադրվող լրացուցիչ օժանդակությունն ուղղված է՝ աջակցելու հակամարտությունից առավել տուժած բնակչությանը: Մեր աջակցությունն այսքանով չի սահմանափակվում․ ԵՄ-ը շարունակում է աշխատանք տանել տարածաշրջանի հակամարտությունների առավել համապարփակ փոխակերպման, տևական սոցիալ-տնտեսական վերականգնման և դիմակայման ուղղություններով»,- ասել է ԵՄ հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին:
Այսօր հայտարարվող ֆինանսավորման շնորհիվ հնարավոր է ապահովել հրատապ օգնություն, այդ թվում՝ հատկացնել պարենային, հիգիենայի և կենցաղային պարագաներ, ուղղակի դրամական աջակցություն և հոգալ առողջապահական ծախսեր: Այն նաև կներառի օժանդակություն քաղաքացիական բնակչության պաշտպանությանը, այդ թվում՝ սոցիալ-հոգեբանական աջակցություն, իրազեկման ու կրթական աջակցություն արտակարգ իրավիճակներում և կապահովի վաղ վերականգնման աջակցություն կենսապահովման միջոցով:
Աջակցությունից կօգտվեն հակամարտության առավել տուժած ազդակիր բնակչությունը, այդ թվում՝ տեղահանված, հայրենադարձված անձինք և հյուրընկալող համայնքները:
Հայտարարված լրացուցիչ ֆինանսավորման միջոցով կիրականացվի բնակելի տարածքների մարդասիրական ականազերծում, ականապատման վտանգների վերաբերյալ իրազեկման բարձրացում՝ տուժած բնակչության շրջանում։