Հյուրընկալ քաղաքի փողոցները կրկին մարդաշատ են։ Ֆայտոնի քաղաքը գրավում է դրսի ու ներսի զբոսաշրջիկներին, ինչն էլ իր հերթին խիստ պարտավորեցնում է կոլորիտային քաղաքը բացահայտել օգնող զբոսավարներին։ Վարդանանց հրապարակը՝ պահպանիչ եկեղեցիներով, շքեղ Ալեքսանդրովսկին, հայտնի Կիրովը, Գորկու այգին ու Սլաբոդկան։ Սա անմոռանալի տուրի փոքրիկ սկիզբն է Գյումրիում։
Քաղաքում հյուրերն այնքան շատ են, որ շուտով բակերում ենք անկողին գցելու՝ կատակում են գյումրեցիները։ Սա աննախադեպ էր և ուրախացնող՝ ասում է ոլորտի պատասխանատուներից Լիզա Գասպարյանը։ Նման տեմպ կորոնա խիստ սահմանափակումներից ու պատերազմից հետո ոչ ոք չէր սպասում։
Լիզա Գասպարյան (զբոսավար) - Ի տարբերություն սպասելիքների՝ լավատեսական շարժ է, ապրիլի կեսերից Գյումրին դարձյալ թրենդային ուղղություն է համարվում։ Այս պահին չկա ազատ հյուրատուն, հյուրանոցները ծանրաբեռնված են, թանգարանների բակերում հերթեր են, նույնը՝ սրճարաններում:
Պետք է պահել տեմպը, քաղաքն ավելի շատ գովազդել ու դարձնել հարմար։ Մեկ օրը շատ քիչ է, բայց պետք է Էջմիածնեցի դպրոցականներին հասցնել որքան հնարավոր է շատ պատմել առեղծվածային քաղաքի բնակիչների, գաղտնի սովորույթների մասին։ Ալեքսանդրապոլում ինչպես էին գնում աղջիկ ուզելու, որտեղ էին նրան տանում լողացնելու, որտեղից էին ձեռք բերում օժիտը։ Պատմական միջուկի ամեն մի քար ու բակ պատմություն է։
Լիզա Գասպարյան - Վարպետաց փողոցում, վարպետների տուն-թանգարաններում տեղ չկա, պետք է սպասել բակում, հայտնի աղբյուրի մոտ, ուր ժամանակին հին գյումրեցոնք հավաքվում էին նորությունները քննարկելու։
Արա Պապանյան (Հովհաննես Շիրազի հուշատուն-թանգարանի տնօրեն) - Շիրազի պոետիկ պատերի ներքո նրա ծնունդը, կյանքը և «քաղքի մարդոնց» պատմությունը հանդարտ հոսում են տաղանդավոր վարպետի հանճարեղ հանգերով։
Դրսում նորաբաց երիտասարդ թանգարանն է՝ Զանանը, որը ստեղծվեց հայկական տարազները վերակերտող արհեստավորների խմբի կողմից մինչև պատերազմը ու մնաց չբացահայտված։
Այն օգնում է քայլել ժամանակի միջով ու հիշարժան պահն անմահացնել վերջին սենյակում։
Չբացահայտված լիքը նման անկյուններ կան, Գյումրի այցելելիս խորհուրդ են տալիս պլանավորել առնվազն երկօրյա տուրեր, այլապես, ինչպես կասեր գյումրեցին՝ «դուք կգնաք քաղաքից, իսկ ձեր աչքը այնպես էլ կմնա Գյումրու մեջ»։