Բացառիկ աշխատություններով և օսմանյան արխիվային փաստերով՝ թուրք պատմաբան Թաներ Աքչամը շարունակում է աշխարհին ապացուցել, որ Հայոց ցեղասպանություն եղել է։ Շաբաթներ առաջ պրոֆեսորը հանրության դատին է հանձնել նոր գիրք։
Թաներ Աքչամ (պատմաբան) - Սա Հայոց ցեղասպանության կարճ պատմությունն է։ Գիրքը գրել եմ այն մարդկանց համար, որոնք ցանկանում են ընդհանուր տեղեկություն ունենալ Հայոց ցեղասպանության մասին։ Ներկայացված են նախկինում չհրապարակված նոր նյութեր: Օրինակ՝ այն մասին, թե երբ և ինչպես է որոշում կայացվել ոչնչացնել հայերին։
Աքչամը հեղինակել է Հայոց ցեղասպանության թեմայով «Խայտառակ արարք», «Սպանության հրամաններ», «Օրենքների ոգին» աշխատությունները: Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանությունը չպետք է դիտարկվի որպես պարզապես 1915 թվականի իրադարձություն։ Այն տևել է 1878-1923 թվականներին և ուղղված է եղել քրիստոնյաների դեմ՝ մասնակից դարձնելով ոչ միայն թուրքերին։
Թաներ Աքչամ - Գիրքը մեկ շաբաթում վաճառվեց։ Այն մեծ հետաքրքրություն էր առաջացրել նաև Թուրքիայում։ Ենթադրում եմ՝ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը ևս նպաստել էր հանրային այդչափ մեծ հետաքրքրությանը։
Խոսելով Ամերիկայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հետևանքների մասին՝ թուրք պատմաբանը վստահեցրեց՝ Թուրքիան իր ժխտողական քաղաքականությամբ մնացել է միայնակ, քանի որ կորցրել է կարևոր ռազմավարական աջակցություն։ Թեպետ դա Էրդողանին կստիպի այս խնդրի մասին մտածել այլ կերպ, այնուամենայնիվ, ըստ Թաներ Աքչամի, նա կշարունակի դիմադրել միջազգային ճնշումներին, քանի դեռ երկրում տիրում է իր ստեղծած բռնապետական մթնոլորտը։
Թաներ Աքչամ - Ֆրանսիան, Գերմանիան կարող են ճանաչել, և ոչինչ չի պատահի, սակայն Միացյալ Նահանգների դեպքում իրավիճակն այլ է՝ երկրի իրավական համակարգի պատճառով։ Այժմ զոհերի ժառանգները կսկսեն համատարած իրավական հայցեր Թուրքիայի դեմ, ինչը մեծ գլխացավանք կդառնա Անկարայի համար:
Թաներ Աքչամն իր մտքերի և ուսումնասիրությունների համար բազմիցս ենթարկվել է հալածանքների։ Անգամ ապրելով Թուրքիայից հեռու, նրա դեմ ատելության արշավները շարունակվում են։ Այժմ ավելի քան 100 քուրդ մտավորական ստորագրահավաքով պահանջել է ապացույցներ ներկայացնել վերջերս արած հայտարարության վերաբերյալ, որում նա խոսում է 19-րդ դարում քրդերի կողմից հայ կանանց նկատմամբ բռնության դեպքերի մասին։ Ստորագրահավաքին միացել են նաև թուրք մտավորականներ։
Թաներ Աքչամ - Հուսով եմ, որ այս արշավը շուտով կավարտվի, որովհետև իմ նպատակը պատմական անարդարությունների մասին խոսելն է։
Թաներ Աքչամն առաջիկայում շարունակելու է ուսումնասիրել հայ կանանց նկատմամբ բռնության դեպքերը և վեր հանել պատմական նոր փաստեր։ Բոստոնում բնակվող թուրք պատմաբանը շուտով ներկայացնելու է ևս մեկ խոշոր աշխատություն՝ այս անգամ Ջեմալ փաշայի մասին։
Հեղինակ՝ Սյուզի Մուրադյան