Մահակներ, քարեր, երկաթյա ձողեր: Տասնյակ մարդկանց մասնակցությամբ բախման կադրերը վրացական Դմանիս քաղաքից են: Հակամարտող կողմերը տեղի վրացիներն ու ադրբեջանցիներն են:
Ջոնի Մելիքյան, վրացագետ - Քվեմո-Քարթլիի շրջանն է, այս քաղաքը հիմնականում խաղաղ է ապրել:
Հայաստանի հյուսիսային սահմանից ընդամենը 10 կմ հեռավորությամբ քաղաքը մինչև երեկ էր խաղաղ: Մեկ տասնյակից ավելի մարդ ծանր վնասվածքներով այժմ հիվանդանոցում է: Հակամարտության պատճառը, ըստ նախնական վարկածի, կենցաղային է եղել:
Ջոնի Մելիքյան - Ադրբեջանցների մոտ գտնվող խանութում վրացիները փորձել են պարտքով խմիչք գնել, չեն տրամադրել, ինչից հետո որոշ խնդիր է առաջացել, մարդիկ են ավելացել, և տեղի է ունեցել այն, ինչ երեկոյան էր:
Երեկոյան բախումներով խնդիրը չի ավարտվել, արշալույսը ևս Դմանիսում խաղաղ չի եղել: Առավոտից մոտ 2500 բնակիչ ունեցող քաղաքում երկու համայնքի ներկայացուցիչները շարունակել են բախումները՝ այս անգամ արդեն ոստիկանության ներկայությամբ: Իրավապահներին մասամբ է հաջողվել կանխել բախումը: Վրացագետը բացատրում է, որ չնայած ծեծկռտուքն ինքնաբուխ է սկսվել, բայց հակամարտությունն ավելի խոր արմատներ ունի:
Ջոնի Մելիքյան - Տարածաշրջանում երկար տարիներ բնակվում են Սվանեթիայից եկած էկո-միգրանտներ, և այժմ այնպես է ստացվել, որ վրացական տարրն ավելանում է, դեմոգրաֆիական պատկերը փոխվում է:
Ադրբեջանաբնակ համայնքերում վրացիների շարունակական ավելացումն ադրբեջանցիներին դուր չի գալիս, բայց վրացական իշխանությունն արդեն շտապել է հայտարարել՝ բազմազգ Վրաստանում նման բախումները ազգամիջյան ենթատեքստ ունենալ չեն կարող. բուն կոնֆլիկտի մասնակիցներն այլ կարծիքի են:
Ջոնի Մելիքյան - Որոշ տեսանյութեր դիտելիս տեսնում ենք, որ այնտեղ, այդ լեզվակռվի ժամանակ, ադրբեջանական կողմից մարդիկ կան ռուսերեն են խոսում, վրացերեն չեն կարող, իրենց հակադարձում են, որ այս երկրում եք ապրում, այս երկրի լեզուն սովորեք, այսպիսի դրսևորումներ կան:
Մելիքյանի համոզմամբ, եթե վրացական իշխանությանը չհաջողվի արագ սառեցնել ազգամիջյան բախումները, դրանից կարող են օգտվել նաև Վրաստանից դուրս գտնվող ուժերը: