Պատրոն Դավիթ մականունով հայտնի Դավիթ Գալստյանն այսօր ազատ է արձակվել կալանքից։ Վերաքննիչ դատարանը բավարարել է նրա պաշտպանների բողոքը։
Գալստյանի՝ դատարանի բակում հավաքված բարեկամներն ու նրա ընկերության աշխատակիցները ծափերով դիմավորեցին նրա պաշտպանին։ Արմեն Հարությունյանն էլ երկրորդ ատյանի որոշումը ուշացած արդարադատություն որակեց։
Արմեն Հարությունյան (Դավիթ Գալստյանի պաշտպան) - 4 ամիս էս մասին խոսում էինք, գոռում էինք և այսօր նոր կարողացանք հասնել արդարադատության:
Փետրվարի 2-ից կալանքի տակ գտնվող Գալստյանը մեղադրվում է բանակին հրանոթի հին կրակոցներ մատակարարելու համար։ Ըստ ԱԱԾ-ի՝ նա, լինելով արտերկրում գրանցված ընկերության խորհրդի նախագահ, այդ ընկերության տնօրենի հետ նախնական համաձայնությամբ պայմանագիր է կնքել պաշտպանության նախարարության հետ ու պարտավորվել 2018-ին գլխավոր շտաբին մատակարարել 1983-1986 թթ. արտադրության հրանոթի համապատասխան տրամաչափի կրակոցներ։ Փոխարենը մատակարարել է 1977 թ. չեխական արտադրության մեկ այլ տեսակի հրանոթի արկեր, որոնք ոչ միայն 1 միլիոն դոլարով ավելի էժան են եղել, այլև էապես զիջել են մարտավարական հատկանիշներով և կիրառելու դեպքում անհնար է եղել լուծել մարտական խնդիրներ։ Գալստյանը, սակայն, չի ընդունում իրեն մեղսագրվող արարքը, նաև պնդում է՝ հակառակն ապացուցող փաստեր ունի։ Դատարանի բակում նրա պաշտպանն այսօր ասաց, որ դրանք ներկայացրել են նաև վերաքննիչին, բայց հրապարակել առայժմ չեն կարող՝ նախաքննական գաղտնիք է։
Գործարար Գալստյանը, դեռ նախկին իշխանությունների օրոք, տարիներ շարունակ զբաղվել է զենքի առքուվաճառքով, եղել բանակի հիմնական մատակարարներից մեկն ու, ըստ մամուլի, ունեցել մի շարք օֆշորային ընկերություններ։ Ավելի ուշ Գալստյանը նշանակվել է նաև նախկին նախարար Դավիթ Տոնոյանի խորհրդական։ Այս փետրվարին մամուլը գրեց, որ Գալստյանն անցնում է ԱԱԾ-ում քննվող չորս քրեական գործով։ Այդ գործով, ըստ իրավապահների, անցնում են նաև պաշտպանության նախարարության և գլխավոր շտաբի պաշտոնյաներ։ Մեղադրյալի պաշտպանն այսօր չհստակեցրեց՝ արդյոք կա՞ն հարցաքննված բարձրաստիճան զինվորականներ, կամ արդյոք եղե՞լ է առերեսում զենք մատակարարողի ու գնորդի միջև։
Գլխավոր դատախազությունից պնդում են՝ Դավիթ Գալստյանի կալանավորման հիմքերի հետ կապված ռիսկերը վերացած չեն, և, ամենայն հավանականությամբ, բողոքը կտարվի վերադաս ատյան։ Վճռաբեկ դիմելու հարցը վերջնական կորոշվի դատական ակտը ստանալուց ու դրա պատճառաբանություններն ուսումնասիրելուց հետո՝ «Լուրերին» հայտնեցին իրավապահ մարմից։