ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը և Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը ներկա են եղել մայիսի 16-ին «Համալիր անվտանգություն - 2021» անվտանգության ապահովման միջոցների 13-րդ միջազգային սրահի շրջանակներում ՌԴ ԱԻՆ Նոգինսկի փրկարարական կենտրոնի մարզադաշտում անցկացված արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման միասնական պետական համակարգի ուժերի և սարքավորումների լայնածավալ ցուցադրական վարժանքին, որի մեկնարկն ազդարարել է ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման նախարար Եվգենի Զինիչևը:
Միջոցառմանը ներգրավված են եղել 800 մարդ, շուրջ 200 միավոր տեխնիկա, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության 14 ինքնաթիռ և 10 ուղղաթիռ, անօդաչու թռչող սարքեր, մասնագիտացված ռոբոտային համակարգեր:
Մասնակցել են նաև արտակարգ իրավիճակների ծառայությունների ղեկավարներ և անձնակազմեր՝ ընդհանուր առմամբ ավելի քան 200 մասնագետ 56 երկրից:
Վարժանքը հնարավորություն է տվել գործնականում կիրառել հատուկ և հրշեջ-փրկարարական սարքավորումներ, ներմուծել ժամանակակից նորարարական տեխնոլոգիաներ՝ տուժածներին օգնություն ցուցաբերելու գործում: Այս տարի առաջին անգամ ներկայացվել է մինչև 250 կմ հեռահարությամբ անօդաչու թռչող սարք:
Միջոցառումը եզրափակվել է ՌԴ ԱԻՆ անձնակազմի հանդիսավոր երթով: