13 տարի անց «Արարատին» կրկին կտեսնենք Եվրոգավաթաներում: Ֆուտբոլի Հայաստանի գավաթի եզրափակչում վերջին անգամ «Արարատը» խաղացել էր 2008-ին: Գավաթի այս խաղարկության եզրափակչում լեգենդար ակումբի մրցակիցն «Ալաշկերտն» էր:
Խաղի առաջին խաղակեսում Խաշմանյանի «Ալաշկերտն» ամբողջությամբ ձախողեց: 12-րդ րոպեին Աղվան Պապիկյանը խաղը վերցրեց իր վրա ու հուժկու հեռահար հարվածով խոցեց Յուրչենկոյի պաշտպանած դարպասը: 7 րոպե անց արագաշարժ Մորի Կոնեն, ստանալով Խուրցիձեի սուր փոխանցումը, առաջ անցավ մրցակցի պաշտպաններից ու Յուրչենկոյի վրայով երկրորդ գնդակն ուղարկեց «Ալաշկերտի» դարպասը:
Րոպեներ անց Պապիկյանը կարող էր դուբլ ձևակերպեվ, սակայն դարպասապահի դեմ դուրս գալով մեն-մենակ՝ շեղ հարվածեց: Խաշմանյանն անմիջապես փոփոխություն կատարեց՝ դաշտ դուրս բերելով Դավիդ Դավիդյանին: Վերջինս սրեց խաղն առջևի գծում, բայց միայն այդքանը:
Երկրորդ խաղակեսի 10-րդ րոպեին Կարեն Մուրադյանը խորքից կատարած փոխանցումով Կոնեին հարվածային դիրք դուրս բերեց ու գավաթի խաղարկության լավագույն ռմբարկուն չվրիպեց՝ հաշիվը դարձնելով խոշոր:
Խաշմանյանը պահեստայինների նստարանի հարվածային ամբողջ ուժը նետեց մարտադաշտ. Գրիգոր Աղեկյան, Միհրան Մինասյան ու Ինուսա: «Ալաշկերտն» սկսեց ճնշել մրցակցին, բայց Բիչախչյանի թիմն առանց Մկոյանի լավ էր պաշտպանվում, իսկ դարպասում ամուր կանգնած էր Վսևոլոդ Երմակովը:
85-րդ րոպեին, այնուամենայնիվ, դեղինները կարողացան խփել հեղինակության գնդակը. մոտավորապես 11 մետրանոց նշակետի մոտից անդրադարձից դարպասը գրավեց Մանասյանը՝ 1-3: «Ալաշկերտը» խաղն ավարտեց 10 ֆուտբոլիստով. 90-րդ րոպեին կոպիտ խաղի համար ֆրանսիացի մրցավար Բենուա Միյոն ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացրեց Ռումյան Հովսեփյանին:
«Արարատը» հաղթեց 3-1 հաշվով ու պատմության ընթացքում 6-րդ անգամ տիրեց Հայաստանի գավաթին, իսկ Վարդան Բիչախչյանն իր մարզչական կարիերայում 3-րդ անգամ հաղթեց գավաթի խաղարկությունում:
Ի դեպ, թիմերը չեմպիոնության համար պայքարում են նաև Հայաստանի առաջնությունում: «Ալաշկերտի» ու «Արարատի» հետ չեմպիոնական բովում են նաև «Արարատ-Արմենիան» ու «Նոան»: