ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցելու Հայաստանին և Ադրբեջանին սահմանազատման և սահմանագծման հարցերում՝ տրամադրելով քարտեզագրական նյութեր և խորհրդատվություն:
«Որևէ կրակոց չի հնչել, որևէ բախում այնտեղ տեղի չի ունեցել: Հանգիստ նստել և քննարկել են, թե ինչպես հանգուցալուծեն իրավիճակը: Մեզ խնդրեցին օգնել, մեր զինվորականներն օգնեցին»,- ասել է ՌԴ արտգործնախարարը:
Լավրովը նաև նշել է, որ չի տեսնում որևէ պատճառ իրավիճակը թեժացնելու համար՝ «այս ոչ սովորական, բայց հանգիստ կարգավորվող հարցում»:
Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմը իրավիճակը բացատրել է թյուրիմացությամբ և սահմանի բացակայությամբ, որը սահմանազատված և սահմանագծված պետք է լիներ։ Լավրովն ասել է, որ կողմերին առաջարկել են դրանով զբաղվել։
Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել էին Հայաստանի պետական սահմանը և Սյունիքի Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ կատարել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել, ինչի արդյունքում ադրբեջանցիները հեռացել էին զբաղեցրած բնագծերից: Սակայն ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչ շարունակում է գտնվել Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ, սահմանային իրավիճակի հետ կապված, նամակ էր հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ օգնության խնդրանքով: