Անցած շաբաթ Ադրբեջանի զինված ուժերը ներթափանցեցին լճին հարակից որոշ հատվածներ։ Դրան զուգահեռ Սիսիանում գրանցվեց քաղաքացիների թունավորման դեպքը։ Երկու լուրը միասին մտահոգվելու առիթ դարձավ՝ գուցե լճի քաղցրահամ ջո՞ւրն են թունավորել։ Տեսակետը, թե Սև լճի ջուրը տարածաշրջանի գյուղերում օգտագործում են որպես խմելու ջուր, հերքում է Սյունիքի մարզպետը։
Մելիքսեթ Պողոսյան (Սյունիքի մարզպետ) - Ստեղ խմելու չկա Սև լճի, ստեղ կա ոռոգման խնդիրներ, որ գնում ա դեպի մեր գյուղերը։ Էս լճից օգտվում են ֆերմաները, որ ջուր են քաշել։ Ջուրը վերահսկվում ա, չէ՞։ Ջուրը վերահսկվում ա մեր կողմից։ Որակն էլ։ Որակն էլ, ճանապարհներն էլ։
Մտահոգվելու կարիք չկա՝ հավաստիացնում է Սյունիքի մարզպետը։ Տարածքի զգալի մասը հայկական զինված ուժերի վերահսկողության տակ է։ Մայիսի 12-ից մինչև այսօր նույնիսկ մեկ կրակոց չի հնչել։
Նիկոլայ Աբրահամյան (Սև լճի տեսուչ) - Ա՛յ էնտեղ, էն կողմերում թուրքերն են։ Դե, լիճը տեսնում եք, նույն ձևի մերն ա, որ իրանք ասում են՝ մերն ա, չի կարա իրանցը լինի։ Այսինքն՝ լճի վերահսկողությունը ո՛ւմ ձեռքի տակ ա։ Մեր։
Զինվորականը մեզ ցույց է տալիս Ճաղատ սարի գագաթն ու, անվտանգության նկատառումներից ելնելով, հորդորում՝ տեսախցիկը թշնամու կողմը չթեքել։ Բացի այդ, ռազմավարական տեսանկյունից տարածքն ամբողջությամբ նկարահանել ևս խորհուրդ չի տրվում։ Ռազմավարական դիրքեր ցուցադրելով՝ կարող ենք վնասել ինքներս մեզ։ Թեմայից փոքր շեղվելով՝ հատուկ համացանցում կասկածողների համար՝ արդյոք սա Սև լի՞ճն է, թե՞ ոչ, հրապարակում ենք մեր օպերատորի լուսանկարը, որի տեղանքն արձանագրել է նաև գեոլոկացիոն համակարգը։
Բարձրացված աղմուկից անմիջապես հետո Սյունիք մեկնեցին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Թեև հայկական կողմի դիրքային առավելությունները հնարավորություն են տալիս գնալ կտրուկ քայլերի, այդուհանդերձ, երկու կողմերն առայժմ փորձում են խնդիրը հանգուցալուծել խախաղ բանակցություններով։ Ադրբեջանական կողմը իր ներթափանցումը հիմնավորում է քարտեզներով, որոնք, ըստ հայկական կողմի, կեղծ են։
Տիգրան Ավինյան (ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար) - Ադրբեջանական կողմը ցույց է տալիս քարտեզներ, որոնք անհայտ ծագման են, որևէ աղերս չունեն իրականության հետ, և, փաստացի, այդ քարտեզների հիմքով են առաջ եկել, բայց, այնուամենայնիվ, ադրբեջանական կողմը հաստատում ա խաղաղ կարգավորման ուղղված իր ջանքերը և, ըստ իրենց, իրենք որևէ քայլ չեն ուզում իրականացնեն հետագա լարումը խորացնելու համար։ Բայց ես նորից կրկնում են, որ մենք պատրաստ ենք բոլոր հնարավոր սցենարներին։
Բարձրաստիճան պաշտոնյաները, այցելելով Սև լիճ, անձամբ ուսումնասիրել են Սև լճում տեղի ունեցածը։ Սրացումներից խուսափելու համար երկու կողմերը սկսեցին բանակցել։ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը վստահ է՝ բանակցային գործընթացը արդյունք կտա և հօգուտ հայկական կողմի։
Արմեն Խաչատրյան (ՀՀ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր) - Մեծ հույս ունեմ, որ բանակցային պրոցեսը արդյունք կտա, և բանակցային պրոցեսի արդյունքում նրանք շուտափույթ կլքեն այս վայրը։
Սև լճի տարածքը երբևէ վիճելի չի եղել, նույնիսկ անցած դարի 1920-ականներին, երբ ճշտվել են Զանգեզուրի տարածքները։
Սամվել Ալեքսանյան («Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր, պատմաբան). - Ճիշտ է շատ-շատ վիճելի հատվածներ են եղել Քուրդիստան արհեստական կոչված կառույցի և Զանգեզուրի միջև, բայց այս հատվածում երբեք որևէ վիճելի հարց չի եղել։ Միայն հետագայում՝ 20-ական թվականների վերջին - 30-ական թվականների սկզբին, լճի հյուսիսարևելյան հատվածում մոտ 20-25 տոկոսի չափով այդ հատվածը ինչ-ինչ հանգամանքների արդյունքում հայտնվել է Լաչինի շրջանի տարածքում։
Ո՛չ այդ տարիներին ո՛չ էլ հիմա Սյունիքի, առավել ևս Գորիսի իշխանությունները երբեք չեն հաշտվել այդ մտքի հետ։