Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի այցը Հայաստան բավական հատկանշական էր՝ հատկապես այն շեշտադրումներով, որոնք հնչեցին թե՛ բանակցությունների ընթացքում, թե՛ դրանց ավարտից հետո։ Ընդ որում, խոսքը չի վերաբերում արցախյան հակամարտությանը, որի կարգավորման գործում Վրաստանը, ճիշտ է, որոշակի առումով շահագրգռված է, սակայն բուն գործընթացի վրա ազդեցություն չունի։ Այլ հարց է, որ Վրաստանին անհրաժեշտ է տարածաշրջանում կայունությունը, քանի որ հենց այս հանգամանքով է պայմանավորված Հարավային Կովկասի հետագա ճակատագիրը։ Խոսքը, մասնավորապես, տրանսպորտային նոր կոմունիկացիաների մասին է, իսկ ավելի կոնկրետ՝ Հնդկական օվկիանոս - Սև ծով տրանսպորտային ուղու մասին է, որը, կառուցվելու դեպքում, տարածաշրջանը կդարձնի համաշխարհային նշանակություն ունեցող տրանսպորտային խաչմերուկ։
«Հայաստան-Վրաստան առևտրատնտեսական կապերի խթանման համատեքստում կարևորվել է տրանսպորտային կոմունիկացիաների, ներառյալ երկաթուղային ենթակառուցվածքների զարգացումը: Կողմերը հետաքրքրվածություն են հայտնել այս ուղղությամբ համատեղ նոր ծրագրեր նախաձեռնելու հարցում և պայմանավորվել ինտենսիվ աշխատել: Երկուստեք հեռանկարային է համարվել փոխգործակցության հնգակողմ՝ Հայաստան-Վրաստան-Բուլղարիա-Հունաստան-Իրան ձևաչափը և «Պարսից ծոց - Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման մասին» համաձայնագրի նախագծի շուրջ ակտիվ աշխատանքը»:
Հասկանալի է, որ այս համատեքստում Հայաստանի և Վրաստանի վարչապետների հանդիպման ընթացքում հնարավոր չէր շրջանցել նույն այդ տրանսպորտային միջանցքի հիմնական ուղղություններից մեկը համարվող Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը, որը տարօրինակ զուգադիպությամբ համընկավ Վրաստանի վարչապետի այցի հետ։ Այսուհանդերձ, կարելի է ենթադրել, որ բուն բանակցությունների վրա միջադեպն առանձնակի ազդեցություն չէր թողել, և, ամենայն հավանականությամբ, Երևանն ու Թբիլիսին կշարունակեն գործակցել՝ միջանցքն իրականություն դարձնելու ուղղությամբ։
Նիկոլ Փաշինյան (ՀՀ վարչապետի պաշտոնակատար) - Պարոն Ղարիբաշվիլիի հետ հնարավորություն ունեցանք շարունակելու Վրաստանի կառավարության հետ հաստատված կառուցողական երկխոսությունը, անդրադարձանք տրանսպորտի, էներգետիկայի և տնտեսության այլ կարևոր ոլորտներում համագործակցության ընդհանուր վիճակին և զարգացման հեռանկարներին, որոշեցինք մեր հարաբերություններում այսուհետև էլ ավելի մեծ շեշտադրում կատարել առևտրի և տնտեսական կապերի զարգացման վրա: Մեր կողմից նշվեց տարածաշրջանային տրանսպորտային հաղորդուղիների առավել արդյունավետ օգտագործման և տարանցման ներուժի զարգացման կարևորությունը, ընդգծվեցին երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ներուժն ու դրա օգտագործման անհրաժեշտությունը: Քննարկվեցին նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտում համագործակցության հարցեր:
Իրակլի Ղարիբաշվիլի (Վրաստանի վարչապետ) - Ուզում եմ նշել, որ այսօրվա մեր հանդիպման ժամանակ քննարկեցինք համագործակցության բոլոր ուղղությունները: Մենք ընդգծեցինք, որ պետք է ունենալ ինտենսիվ քաղաքական երկխոսություն, զարգացնել առևտրատնտեսական հարաբերությունները, նոր նախագծեր քննարկել, համագործակցել այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են՝ տրանսպորտը, էկոնոմիկան, մշակույթը, նորարարությունները և զարգացնել արդեն առկա ինտենսիվ հարաբերությունները: Չնայած այդ հարաբերություններին՝ դեռ ունենք զարգացման հնարավորություն:
Կարևոր այլ խնդիրը, որի մասին նշվեց, սակայն բավական հպանցիկ, վերաբերում էր դիվանագիտությանը։ Ավելի ճիշտ՝ կողմերը, ըստ երևույթին արցախյան հակամարտության և վերջին պատերազմի համատեքստում, խոսել են փոխադարձ զգայուն հարցերի շուրջ հավասարակշիռ և կառուցողական դիրքորոշման պահպանման անհրաժեշտության մասին։ Հասկանալի է, որ խոսքը, բացի Արցախից, վերաբերում է նաև վրաց-աբխազական և վրաց-հարավօսական հակամարտություններին, որոնց շուրջ պաշտոնական Երևանի ու Թբիլիսիի գնահատականները, հաշվի առնելով մեր երկրների աշխարհաքաղաքական կողմնորոշումները, ոչ միշտ են եղել համահունչ, ինչը երբեմն հանգեցրել է հարաբերությունների լարման։ Այժմ, հատկապես նոր տրանսպորտային միջանցքի ստեղծման հնարավորության ֆոնին, Երևանն ու Թբիլիսին, թերևս, կփորձեն մի կողմ թողնել եղած հնարավոր տարաձայնությունները՝ փորձելով կենտրոնանալ երկու երկրի համար կենսական կարևորություն ունեցող ծրագրի կենսագործման վրա։