Անցնող շաբաթը խիստ լարված էր Հայաստանի արևելյան և հարավարևելյան սահմաններին: Արցախյան պատերազմում արձանագրած հաջողությունից հետո Բաքուն էյֆորիկ տրամադրությունների ազդեցությամբ փորձեց ներխուժել նաև Հայաստանի Հանրապետության սահմանից ներս՝ խախտելով մեր երկրի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականությունը Սյունիքի կողմից՝ Սև լճի մերձակայքում, Գեղարքունիքում՝ Վերին Շորժա և Կութ բնակավայրերի շրջակայքում:
Հայաստանը դիմեց ՀԱՊԿ-ին՝ անվտանգային դաշինքին, որի մաս ենք կազմում: Հարցին անդրադարձան ԱՄՆ-ն, Ֆրանսիան, ԵՄ-ն, Կանադան: Վաշինգտոնը սադրանք որակեց Ադրբեջանի արարքը, իսկ Փարիզն առաջարկեց սահմանային լարվածության հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հարթակ ու նաև, անհրաժեշտության դեպքում, ՄԱԿ-ի մանդատով ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին:
Բաքուն Հայաստանի որոշ տարածքներ փորձում է ներկայացնել իբրև ադրբեջանական՝ որպես ապացույց վկայակոչելով կեղծ քարտեզներ: Հայկական կողմը ներկայացնում է անհերքելի փաստեր՝ փաստաթղթեր ու քարտեզներ, որտեղ նաև Բաքվի պաշտոնական հաստատումն է, որ այսօր բանակցությունների առարկա դարձած հողերը հայկական են ու Հայաստանի սահմաններից ներս:
Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը տեղագրական քարտեզներ է հրապարակում դեռ խորհրդային տարիներից:
Խորհրդային Հայաստանի և Ադրբեջանի սահմանների միջև 1929-ին Հայաստանի և Ադրբեջանի բոլոր լիազոր մարմինների կողմից սահմանազատման գործընթացները նկարագրված են արձանագրության մեջ, ունեն հստակ կոորդինատներ:
1929-ին հաստատված հայ-ադրբեջանական կարմիր գիծը ևս մեկ անգամ ամրագրվել է 1969-1970-ին: Պետական սահմանները կնքված, ստորագրված են: Ստորագրվել է Հայաստանի ներկայացուցչի կողմից, Ադրբեջանից՝ Շուքյորովի կողմից, հաստատվել է Անդրկովկասի գործադիր կոմիտեի կողմից: Եվս մի քանի քարտեզ 1973-ից, 1976-ից: Մինչդեռ ադրբեջանական կողմը, ինչ-որ նկարած քարտեզ ձեռքին, եկել, ասում են, թե Սև լիճը ադրբեջանական կողմում է:
Սահմանագծում և սահմանազատում իրականացնելու համար պետք է երկու պետությունները նախ՝ առաջինը քարտեզ ընտրեն, ինչ գագաթով, ինչ կետերով են անցնում այդ սահմանները:
Մեր երկրում առկա տեղագրական քարտեզները, որ նաև նույն կերպ Ադրբեջանում կան, փաստում են՝ առաջին սահմանազատումն այդ հատվածում արվել է 1929-ին, ու դրանից հետո Սև լճի սահմանը փոփոխության չի ենթարկվել:
Մեկ այլ կարևոր փաստ, որ, հավանաբար, քարտեզներ գծելու սիրահար Ադրբեջանում մոռացել են. Սյունյաց Ծիծեռնաքարը, որ խորհրդային տարիների քարտեզներում Ղըզըլ թեփե է գրված, իրենց բերած քարտեզում հայկական Ծիծեռնաքար տարբերակով է:
Չնայած հայկական կողմի անհերքելի ապացույցներին՝ ադրբեջանական կողմը դեռ համառում է՝ փորձելով հայկականն ադրբեջանական ներկայացնել:
Երևանի դիրքորոշումը հստակ է և անփոփոխ: Տարածքը հայկական է, խնդրի լուծումը՝ խաղաղ ճանապարհով: