«Հարսանիք լեռներում». այս արարը վերջինն էր բերդաքաղաքում: Պատերազմի ամենաթեժ օրերին սահման պահող Հովհաննեսն ու նրա թիկունքը ամուր պահող Մարիամը Ամենափրկիչ Ղազանչեցոցում նոր կյանք սկսելու խոստում տվեցին:
Շուշիի օկուպացիայից կես տարի անց Ղազանչեցոցի՝ երկինք ձգվող խաչակիր վեղարն այլևս չկա: Fake news-ի երկիր Ադրբեջանը պետական ամենաբարձր մակարդակով ցածրորակ պրոպագանդա է անում, տարածում իբրև 19-րդ դարի լուսանկարներ, որտեղ խոնարհված է Ղազանչեցոցի վեղարը: Բաքուն սրանով ուզում է ցույց տալ, թե հենց սա է եկեղեցու նախկին տեսքը և հիմա հինն է վերականգնում:
Տարոն Հովհաննիսյան (Ադրբեջանի հարցերով փորձագետ) - 1911 թվի նկարն է, որտեղ վեղարաձև գմբեթը կա: Ունենք քաղաքի տեսարանը մինչև 1920-ի մարտի ջարդերը, որովհետև ջարդերից հետո այս շենքերը չկային: Սա, օրինակ՝ արդեն ջարդերից հետո արված նկար է, շենքերը չկան, քանդված են, գմբեթի վեղարը՝ հանված:
Ադրբեջանի հարցերով փորձագետը պատմաբան Շահեն Մկրտչյանի Արցախի գանձերի արխիվն է հրապարակում, լույս սփռում Ադրբեջանի մութ գործերին: Այս նկարները 1920-ի մարտից հետո են՝ Շուշիի հայ բնակչության կոտորածից հետո:
Տարոն Հովհաննիսյան - Սա այդ նկարներից մեկն է: Այստեղ եթե ուշադրություն դարձնենք՝ Ղազանչեցոցի շուրջը հայկական թաղամասի բոլոր տները քանդված են: Սա փաստացի 20 թվականից հետո արված նկար է, որովհետև Ագուլեցոց եկեղեցին 70-ականներին քանդվել է ամբողջությամբ: Սա ոչ մի դեպքում չի կարող լինել 1893-ին: 1920, 2020՝ պատմությունը դաժան փորձության է ենթարկում Շուշին, Ղազանչեցոցը:
Թշնամու ձեռքում, գերության մեջ, պատմությունը կրկնվում է: Ղազանչեցոցը աղվանական ներկայացնելուց բացի, Բաքուն հիմա էլ երկմտում է՝ այս անգամ աշխարհին գուցե փորձեն հավատացնել, թե այն ռուս ուղղափառ է:
Տարոն Հովհաննիսյան - Այն պարագայում, երբ 19-րդ դարի կեսից քաղաքի բնակչության 55-60 տոկոսը հայեր են եղել, ուղղափառները խիստ փոքրամասություն են եղել, բնականաբար, անհեթեթ է ասել, թե 19-20 հազար բնակչություն ունեցող քաղաքը չունի ոչ մի հայկական եկեղեցի, այլ բոլոր եկեղեցիները ուղղափառ են: Բոլոր աղբյուրները փաստում են՝ կառուցողը հայ է, ֆինանսավորումը հայեր են արել, եկեղեցու վրա արձանագրություններում գրված է, որ Ղազանչեցոցի համայնքն է ֆինանսավորել:
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՁԵՎԵԼՈՒ ԲԱՔՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՓՈՐՁԸ
Յան-ը եկեղեցու հետ կապված բոլոր արձանագրություններում է, ինչպես արաբերենը՝ Շուշիի մզկիթում: Բաքվի թիրախում նաև շիա մահմեդականների այս մզկիթն է: Շրջանառում են թեզը, թե հայերը ադրբեջանական հետքն այստեղ մաքրել են իրանցիների ձեռքով:
Աբբաս Բադախշան Զոհուրի (ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան) - Այս մասին մենք բավարար տեղեկություն չունենք և պետք է ուսումնասիրենք, բայց մի բան կարող եմ ասել. պատմությունը և պատմական իրողությունները պետք է պահպանվեն, և նրանք, ովքեր պատմությունը խեղաթյուրում են, պետք է պատասխանատվություն կրեն:
Մինչև պատմություն կեղծողները պատասխան կտան, Շուշիի մզկիթի վերանորոգմանը մասնակցած ճարտարապետը կարևոր փաստեր է հիշեցնում, թարմացնում իր համար պատմություն հորինող երկրի կարճ հիշողությունը:
Գոհար տիկնոջ մզկիթի կառուցումը սկսվել է պարսկական գերիշխանության շրջանում՝ 1760-ականներին, վերջնական տեսքը ստացել է 1885-ին՝ ցարական կարգերի ժամանակ:
Ավելորդ է հիշեցնել, այդ ժամանակ Ադրբեջան ու ադրբեջանցի չեն եղել, մզկիթի վրա էլ թուրքական կամ ադրբեջանական որևէ բառ կամ տառ չի հայտնաբերվել:
Րաֆֆի Քորթոշյան (Հայկական ճարտարապետությունը ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն, ճարտարապետ) - Մահմեդական կրոնական կառույցին տալ ազգային պատկանելություն՝ հակասում է նաև Ղուրանին, որովհետև Ղուրանը դա չի ճանաչում: Մահմեդական մզկիթները կարելի է բաժանել երկու մասի՝ շիական և սունիական: Այս մզկիթը շիական է, բայց որ ասեն ադրբեջանական՝ անհեթեթություն է:
Անհեթեթ են նաև սեփական ինքնության ադրբեջանական փնտրտուքները՝ վերջապես ո՞վ են, որտեղի՞ց են սերել՝ չեն կողմնորոշվել:
Րաֆֆի Քորթոշյան - Ասում ա՝ հայկական եկեղեցիները ուդիներինն են, ամեն ինչ ուզում է վերագրել իրեն, չի հասկանում ինքը ով է:
Ամենուր իրենց փնտրող ադրբեջանցիների հայտարարություններին արձագանքել է նաև իրանցի մասնագետը, ամենատպավորիչ պատասխանը թերևս այն մարդու, որը երկար տարիներ հայկական ու իրանական որմնանկարներ է վերականգնել:
Րաֆֆի Քորթոշյան - Ռեզա Գուլին է՝ որմնանկարի մասնագետ, պատկերացրեք՝ հենց պատերազմի ժամանակ, երբ Ադրբեջանը քարոզչություն էր տանում, հոդված է գրել, թե ինչպես եք ասում, որ Արցախը հայկական չէ, ես այնտեղ ամեն քարից հայի բույրն եմ զգացել:
Հայի բույրը Շուշիից չի անհետանալու: