Այսօր փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը և Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Խաչատրյանն այցելել են Սև լճի տարածք: Պաշտոնյաները հանդիպել են տարածքում հերթապահող մեր զինծառայողներին:
Տարածքի մեծ մասը հայկական զինված ուժերի վերահսկողության տակ է, Հայաստանը պնդում է, որ ադրբեջանական կողմն ամբողջությամբ վերադառնա ելման դիրք: Սև լիճ տանող ճանապարհները ևս վերահսկում են հայկական զորքերը: Օրվա ընթացքում սահմանին հարաբերական հանգիստ է եղել:
Հայաստանի պետական սահմանը խախտելու օրվանից՝ մայիսի 12-ից մինչև հիմա, կրակոցներ կամ բախումներ չեն եղել: Իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված բանակցությունները Սյունիքում այսօր ևս շարունակվել են, արդյունքների մասին դեռ չի հայտարարվում:
«Բանակցություններն ընթանում են: Հույս ունեմ, որ դրանք արդյունք կտան, և ադրբեջանական զինուժը կլքի այս տարածքը, այլ տարբերակ չի կարող լինել»,- «Լուրեր»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի խոսքով՝ ՀՀ զինուժը կատարում է իր առջև դրված խնդիրը, հակառակորդի սնուցվող ճանապարհները շրջափակման մեջ են: «Կրակոցներ առայսօր չեն եղել: Մեր ցանկությունը խաղաղությունն է, որ մեկ զինվոր չկորցնենք: Կարծում եմ՝ խաղաղ ճանապարհով խնդիրը կլուծվի»,- «Լուրեր»-ի թղթակցի հետ զրույցում նշեց մարզպետը:
Պողոսյանն անդրադարձավ նաև Սև լճի ջրի հնարավոր թունավորման վերաբերյալ լուրերին՝ նշելով, որ Սև լճի ջուրը խմելի չէ, այն օգտագործվում է միայն ոռոգման նպատակով, իսկ ջրի որակը վերահսկվում է: