Հուրի Իփեկչյան - Սվազի ասեղնագործությունը վերից վար հանգույցներ են, հատուկ նախշեր ունենք ամրացնելու հատուկ կետ:
Սվազ, Վան, Ուրֆա, Տիգրանակերտ, Այնթափ ու Մարաշ: Հալեպից Հայաստան տեղափոխված քույրերը պահպանում են հայկական ասեղնագործության ավանդույթները: Ամեն մի նախշ իր կտորն ու թելն ունի: Դրանք Հայաստան են բերում հիմնականում արաբական երկրներից:
Հուրի Իփեկչյան - Ուրֆան մետաքսով, բայց Տիգրանակերտը, Վանը հատուկ կտոր ունենք Լիբանանից ու արաբական քաղաքներից ենք բերում:
Երկվորյակ քույրերն ասեղնագործությունը մեծ տատից են սովորել: Ասեղնագործ սփռոցներ, զարդեր, նկարներ ու անգամ սկուտեղներ են պատրաստում:
Հուրի Իփեկչյան - Ավելի 40 տարի կաշխատինք, հայկական գործերը Հալիպի աղջիկներին օժիտ կսարքենք կպահեն սերունդեսերունդ կփոխանցեն իրենց զավակներին:
Սիրիայի հայկական համայնքում մատների այս արվեստը ոչ միայն պահպանում են, արժեքավոր գործեր ստեղծում, այլև սերնդեսերունդ փոխանցում:
«Հայաստանի սիրիահայ համայնքի ասեղնագործական մշակույթը» ու ևս 11 կենսունակ արժեք կառավարության որոշմամբ ներառվել են Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում: Այդ ցանկը համալրել են նաև «Սուրբ Հարության, Զատկի, Համբարձման ու Նոր տարվա տոները», «Դուդուկը և դրա երաժշտությունը», «Քանոն» երաժշտական նվագարանը», «Թաղման ծեսը», «Մուսա լեռան տոնակատարությունը», «Կուրկուտ ծիսական ուտեստի ավանդույթը Կապանում», նաև «Արքայանարնջի և թզի չրերի պատրաստման ավանդույթը Մեղրիում»:
Նաիրա Կիլիչյան (ՀՀ ԿԳՄՍՆ ոչ նյութական մշակութային ժառանգության մասնագետ) - Ցանկերի ստեղծումը ոչ նյութական մշակութային ժառանգության գույքագրման գործընթաց է:
Ցանկը համալրելու առաջարկները նախարարությունը ստանում է մշակութային ու հասարակական կազմակերպություններից, համայնքներից ու անհատներից: Մասնագիտական խորհրդում քննարկվում է, հավանության արժանանալուց հետո լրամշակվում հնագիտության և ազգագրության ինստիտուտի փորձագետների հետ. դրանից հետո միայն ընդգրկվում ցուցակում: Գործընթացը մոտ երկու տարի է տևում: Այս անգամ ցանկում ներառել են նաև ազգային փոքրամասնություններին վերաբերող առաջարկներ:
Նաիրա Կիլիչյան - Եզդիների հարսանեկան ծեսը ներկայացվել է եզդիների համայնքի կողմից և ասորական համայնքի կողմից ներկայացվել է ասորական Նոր տարի առաջարկը, տարրը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր ցանկերում հայկական նյութական ու ոչ նյութական մշակութային արժեքները գրանցելու համար, ունեցածը գույքագրելը պարտադիր պայման է: Այսպիսով, Հայաստանի ոչ նյութական ժառանգության ցանկում ընդգրկված արժեքների թիվը հասավ 45-ի: