Վայքի հիմնական դպրոցում տեղի է ունեցել «Կյանքս կյանքիդ համար» խորագրով միջոցառում՝ նվիրված Արցախի 44-օրյա պատերազմում զոհված հայորդիների հիշատակին: Միջոցառումը մեկնարկել է Տեր Սեպուհ քահանա Հարությունյանի աղոթքով և օրհնությամբ:
Ներկա են եղել Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը, ՀՀ ԳՄ Վայոց ձորի մարզային և տարածքային կառույցների ղեկավարներ և բարձրաստիճան ներկայացուցիչներ: Ներկաները մեկ րոպե լռությամբ իրենց հարգանքի տուրքն են մատուցել ինչպես խաղաղություն կերտած և անմահացած հայորդիների հիշատակին, այնպես էլ մերօրյա այն հերոսներին, ովքեր ապրում են մեր կողքին և աճող սերնդին տալիս են խիզախության և սխրանքների վառ օրինակ:
Երեխաներն իրենց անկոտրում ոգով և անսահման ուժով վերահաստատել են, որ պատերազմի հետ խոսելու միակ ճանապարհն ուժն է և հաղթանակը, որին պետք է ձգտի և սատար լինի յուրաքանչյուր ոք՝ իր աշխատանքով, կրթությամբ, հայրենիքի նկատմամբ սիրով և նվիրվածությամբ:
Ներկաներին ուղղված իր ողջույնի խոսքում մարզպետ Արարատ Գրիգորյանը, ընդգծելով հայրենիքի պաշտպանության գործում մեր զինվորների դրսևորած քաջագործությունները, նշել է, որ մենք պարտավոր ենք շարունակել նրանց գործը՝ ապահովելով գալիք սերունդների արժանապատիվ ու խաղաղ ապագան, որպեսզի այլևս ոչ ոք ականատես չլինի պատերազմի արհավիրքներին:
Միջոցառման ավարտին երեխաները ծաղիկներ են նվիրել և իրենց երախտագիտությունն են հայտնել զոհված զինծառայողների մայրերին՝ իրենց որդիներին հերոսության և հայրենասիրության անսպառ ոգով դաստիարակելու համար, ովքեր առանց վարանելու քայլեցին հավերժի ճանապարհով՝ պաշտպանելով սեփական հողում ապրելու մեր անօտարելի իրավունքը: