Ծառայության ընթացքում 5 զինվորի սպանության մեղադրանքով 19-ամյա զինվոր Արթուր Մկրտչյանը ցմահ բանտարկվեց դեռ 1996-ին: Արթուրը պատմում է՝ գիշերվա ժամը 4-ն էր, կրակոցների ձայնից է արթնացել ու հայտնվել հանցագործության վայրում:
Արթուր Մկրտչյան (ցմահ դատապարտյալ) - Ակամա ականատես եմ եղել՝ ինչ է կատարվել: Կոնկրետ սպանությունները ոնց ա կատարվել՝ ես դա չեմ տեսել, ինձ կարգադրեցին՝ մնամ էնտեղ՝ տեղում: Իրենց հեռանալուց հետո ես նոր տեսել եմ դիակները:
Դեռ տարիներ առաջ մեր նկարահանող խմբին Արթուրի հայրը հայտնել էր՝ փորձաքննությունները վկայել են՝ սպանված զինվորների վրա կրակել են տարբեր ուղղություններով և ոչ թե մի զենքից, բայց դատաիրավական համակարգը ցմահ դատավճիռ կայացնելիս այդ փաստարկները հաշվի չի առել։
Արդեն 45 տարեկան Արթուրը 25 տարվա ընթացքում վաղաժամկետի համար 24 միավոր է ստացել, բավարար դրական եզրակացության համար 28-ն է անհրաժեշտ։ Ինչպես դատապարտյալը, այնպես էլ իրավապաշտպանը պնդում են՝ համակարգի ճիշտ գործարկման համար ճիշտ մեխանիզմներ պետք է աշխատեն:
Արթուր Մկրտչյան - Բալային համակարգը հիմա նենց է, որ շատ քիչ մարդու կարող է հաջողվի դրական հավաքել, որովհետև դատախազությունը բերում է օրենքը՝ ուսում, դրական վարքագիծ, բան, բայց նենց է շարադրած, որ բոլորը միասին լինի, որ խրախուսանք տա: Հնարավոր չէ այդ ամենը ապահովել:
Ժաննա Ալեքսանյան (իրավապաշտպան) - էդ բալերը հավաքելը ուղղակի ֆանտաստիկայի ժանրից է, Արթուր Մկրտչյանը գտնվում էր Նուբարաշենի ՔԿ-ում, ու նրան ասում էին, որ դու չես աշխատել, բայց էնտեղ աշխատանք չկա:
1 տարի 3 ամիս պատիժը կիսափակ ռեժիմում անցկացնելուց հետո Քրեակատարողական ծառայության տեղաբաշխման հանձնաժողովը 2019 թ. որոշեց Արթուր Մկրտչյանին կիսափակ ռեժիմից տեղափոխել կիսաբաց: Դա բավարարվեց, բայց տեղաբաշխումը դեռ չիրականացած՝ դատախազությունը կասեցրեց որոշումը՝ նշելով՝ կիսափակում անցկացրած ժամկետը բավարար չէ:
Ժաննա Ալեքսանյան - Ես համարում եմ դա կամայական մոտեցում:
Ամիսներ անց տեղաբաշխման հանձնաժողովը կրկին վերահաստատեց՝ Արթուրի վարքագիծը դրական է: Այդ անգամ ևս դատախազությունը որոշումը կասեցրել է՝ կիսաբաց ռեժիմը դարձնելով կիսափակ:
Արթուր Մկրտչյան - Հետ բերեցին Սևանից «Նուբարաշեն», էս անգամ արդեն մոտ 9 ամիս վերանայում արեցին, ու տեղաբաշխման հանձնաժողովը կրկին դրական եզրակացություն տվեց:
Արթուր Մկրտչյանի գործին երկուսուկես տասնամյակ հետևող իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը հարց է բարձրացնում՝ ինչպե՞ս կարող է դատապարտյալը աշխատել, խրախուսվել և միավորներ հավաքել վաղաժամկետ ազատվելու համար, եթե դատապարտյալին այդ հնարավորությունները չեն տրվում:
Այս ամենին զուգահեռ, Արթուրն ասում է՝ դրական փոփոխությունները չնկատելն անհնար է՝ կալանավայրերում սնունդը փոխվել է, պայմաններ են ստեղծվել, որ հասարակություն վերադառնալուց հետո նախկին դատապարտյալները կարողանան ինքնադրսևորվել:
Արթուր Մկրտչյան - ՔԿ-ները դատապարտյալների համար ստեղծել են դասընթացներ, պայմանագրեր են կնքել, որ գան, դասեր տան: Կա ռոբոտաշինություն, լեզուներ, համակարգչային դասընթացներ, որը նախնական հմտություն դատապարտյալներին տալիս է:
3 տարում Հայաստանում 3 ցմահ դատապարտյալ է ազատ արձակվել, մեկը՝ առողջական հիմքով, իսկ 90-ից ավելի ցմահ բանտարկյալից ռեժիմի փոփոխության է ենթարկվել մոտ 4 տասնյակը:
Ի դեպ, վերջերս Արթուրի դատերից մեկի ժամանակ ներկայացել էր նաև սպանված զինվորներից մեկի հայրը, հայտարարել՝ իր որդուն սպանողը Արթուրը չէ:
Սպանվածի հայրը - Իմ երեխան գնացել ա, էս էլ անմեղ մարդ ա, 23 տարի նստելա իզուր տեղը:
Դատապարտյալի հարազատները հույսը չեն կորցնում, հավատում են՝ մի օր տան դռները կբացեն որդու առաջ:
Հավատո՞ւմ եք, որ դուրս եք գալու:
Արթուր Մկրտչյան - Միանգամայն: