ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Արարատի մարզային կենտրոնի տեսուչները «ԽԱՔ» ՍՊԸ-ում (կաթնամթերքի արտադրամաս, գ. Քաղցրաշեն) իրականացված ստուգման արդյունքում պարզել են, որ տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված է իրավական նորմերով ամրագրված պահանջների խախտմամբ, արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը չեն պահվում մաքուր, նորոգ և պատշաճ վիճակում, սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր պարբերական բժշկական զննության, իսկ 500 գրամանոց 3,2% յուղայնությամբ մածունի մակնշումը չի համապատասխանում օրենսդրական ակտերով սահմանված մակնշման պահանջներին:
Այստեղ նաև սննդամթերք տեղափոխող փոխադրամիջոցը չի ունեցել սանիտարական անձնագիր:
Արտադրամասի գործունեությունը կասեցվել է, տրվել է ժամկետ խախտումները վերացնելու համար՝ տեղեկացնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից: