«Հայաստանը՝ որպես արդի արդյունաբերական և գիտահեն պետություն». այս խորագրով Դիլիջանում մեկնարկեց ներկայացուցչական, երկօրյա ֆորումը, որը կազմակերպել էր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը` Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ: Այն դեռ 2020-ին էր նախատեսվել, սակայն համավարակը և պատերազմը հետաձգեցին, այնպես որ սպասված էր՝ նշում են պատասխանատուները:
Րաֆֆի Քասարջյան, ԱՏՁՄ գործադիր տնօրեն - Երկու շատ մեծ խնդիր ենք դրել՝ մեր կրթական և գիտահետազոտական համակարգի բարելավումը՝ մասնավոր սեկտորի հետ միասին մեր արդյունաբերական, ոլորտի զարգացման, երկրի անվտանգության խնդիրները միասին լուծելու:
Առաջատար տեխնոլոգիական ոլորտի, գիտահետազոտական կառույցների, համալսարանների, բիզնեսի և պետական գերատեսչությունների ներկայացուցիչները «Կլոր սեղան» ձևաչափով կքննարկեն մեր երկրում գիտական և արդյունաբերական ոլորտների զարգացման ուղիները, մասնագետ կադրերով ապահովելու մեխանիզմները:
Հայկ Չոբանյան, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար - Եթե մենք ունենք մի ոլորտ, որով կարող ենք իսկապես հաղթել և հայտ ներկայացնել աշխարհում մեր անվտանգությունն ապահովելու համար, դա Բարձր տեխնոլոգիաների ոլորտն է: Համոզված եմ, որ այս օրերի արդյունքները շատ կարևոր են լինելու՝ մեր առաջիկա ծրագրերն արձանագրելու համար:
Գևորգ Սաֆարյան, ԱՏՁՄ վարչության անդամ - Բոլորիս նպատակն է գիտահեն տնտեսություն ունենալը, և Բարձր տեխնոլոգիական ոլորտը դրա կրողն է, որպեսզի կարողանանք ավելի մեծ արժեք ստեղծել մեր երկրում:
Էկոնոմիկայի նախարարը լավ լուրով էր եկել, սպասվում է գիտության ոլորտի աշխատակիցների բազային աշխատավարձի քառակի բարձրացում:
Շահագրգիռ կողմերի հավաստմամբ՝ ֆորումը ոչ միայն պիտի ճիշտ ձևակերպի խնդիրները, այլև առաջարկի դրանց լուծումը: