Իսրայելի ավիահարվածի հետևանքով Գազայում բարձրահարկ շենք է փլուզվել, որտեղ տեղակայված են եղել միջազգային լրատվամիջոցների գրասենյակները: Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ «Ալ Ջալա» շենքում տեղակայված էին նաև Associated Press-ի և Al Jazeera-ի գրասենյակները: Վիրավորների և զոհերի մասին դեռ չի հաղորդվում: Ավիահարվածի պահին լուսանկարիչները ֆիքսել են շենքի փլուզման կադրերը: Իսրայելը հաստատել է, որ հարվածել է շենքի ուղղությամբ, որտեղ, իսրայելական բանակի պնդմամբ, տեղակայված է եղել ՀԱՄԱՍ-ի ռազմական սարքավորւմները: Գազայի հատվածից Իսրայելի բնակավայրերի ուղղությամբ արձակվել է արդեն ավելի քան 200 հրթիռ: Ընդհանուր առմամբ՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության վերջին սրացումներից մահացել է ավելի քան 130 մարդ: ՅՈՒՆԻՍԵՖ-ը հայտարարել է, որ վերջին 4 օրերին իսրայելցիների և պաղեստինցիների միջև բախումների հետևանքով Գազայի հատվածում զոհվել է 34, Իսրայելում՝ 2 երեխա։
-----
Այսօր Իրանի նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցման վերջին օրն է: Հնգօրյա ժամկետի ավարտին, 12 անդամից կազմված Պահապանների խորհուրդն ստուգելու է թեկնածուների քաղաքական և կրոնական համապատասխանության հարցը, հրապարակելու է հաստատված թեկնածուների անունները: Փորձագետները կարծում են, որ նախագահի պաշտոնի համար հիմնական մրցակիցներ են լինելու Արդարադատության համակարգի ներկայից ղեկավար Իբրահիմ Ռայիսին և խորհրդարանի նախկին խոսնակ Ալի Լարիջանին: Ի դեպ, գործող նախագահ Հասան Ռոհանիի նախագահության ժամկետն ավարտվում է։ Իրանի նախագահի ընտրությունները տեղի կունենան հունիսի 18-ին:
-----
Առավել հարուստ պետությունները պետք է հետաձգեն երեխաների ու դեռահասների պատվաստումները կորոնավիրուսի դեմ և պատվաստանյութերը տրամադրեն աղքատ երկրներին՝ հայտարարել է ԱՀԿ-ի ղեկավարը: Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն անհավասարաչափ է բաշխվում ամբողջ աշխարհում: Դեկտեմբերին՝ առաջին պատվաստանյութի հաստատումից հետո, դեղամիջոցների մեծամասնությունը հասել է հարուստ երկրներին: Ըստ ԱՀԿ ղեկավարի՝ պատվաստանյութի մատակարարումն աղքատ երկրներին խիստ անհրաժեշտ է, քանի որ այդ երկրներում նույնիսկ բավականաչափ դեղամիջոցներ չկան բուժաշխատողներին պատվաստելու համար:
-----
Երեկ Իտալիան վերացրել է պարտադիր կարանտինը Եվրամիության երկրներից, Բրիտանիայից և Իսրայելից ժամանող զբոսաշրջիկների համար, որոնք ունեն կորոնավիրուսի բացասական թեստ: Երկրի իշխանությունները վստահ են, որ սա կօգնի Իտալիայի զբոսաշրջությանը քայլ առ քայլ վերականգնվել: Նույն հավատով իր դռներն է զբոսաշրջիկների առջև բացել Հունաստանը: Այսօր արդեն օդանավակայաններն ու նավահանգիստները մարդաշատ են եղել: Հունաստանում վերաբացվել են մշակութային օջախները, ժամանցի վայրերը: