«Սարգիս Մուրադյան» պատկերասրահում բացված այս բարեգործական ցուցահանդեսի գաղափարը ծնվել է 44-օրյա պատերազմի ամենաթեժ օրերին՝ Ճարտարի համար մղվող մարտերի ընթացքում, երբ մարտական ընկերներ գեղանկարիչ Նարեկ Ավանեսյանն ու պատմաբան Մուշեղ Միդոյանը որոշեցին, եթե չզոհվեն, խաղաղության օրերին ցուցահանդես են կազմակերպելու:
Նարեկի առաջին անհատական ցուցահանդեսն է, «Ստեղծագործող Արցախ» խորագրով ներկայացված է 5 տասնյակից ավելի գործեր, շատերը ստեղծվել են հենց պատերազմի օրերին:
Արդեն 14 տարուց ավելի է, որ Նարեկը նկարում է: Ապրիլյան և 44-օրյա պատերազմներին մասնակցել է առաջին իսկ օրից: Այսօր պայքարի իր կերպը նկարելն է համարում. թեև պատերազմն Արցախում ավարտվել է, բայց իր ներքին պատերազմը շարունակվում է: Մարտական ընկերներով որոշել են՝ ապրելու և արարելու են՝ ի հեճուկս թշնամիների:
Նարեկը 2011-ից Ճարտարի արվեստի դպրոցի նկարչության ուսուցիչն էր, ապա նաև տնօրենը։ Մինչև պատերազմը դպրոցը 300 սան ուներ, 50-ամյա շենքը երբևէ չի նորոգվել, և դպրոցը հիմա էլ շատ խնդիրներ ունի: Ցուցադրված ստեղծագործությունների վաճառքից գոյացած ամբողջ գումարը կտրամադրվի Ճարտարի արվեստի դպրոցի կարիքներին:
Պատերազմից հետո Նարեկը որոշել է՝ ամեն տարի՝ մայիսին, նոր անհատական ցուցահանդեսով հաշվետու լինել հայրենակիցներին: Իսկ երևանյան ցուցահանդեսից հետո հաջորդն արդեն Արցախում է՝ Մարտունու կենտրոնական հրապարակում: