Երևանում մեկնարկել է «Շինարարություն և ինտերիեր-2021» միջազգային ցուցահանդեսը: Նպատակը Հայաստանի և արտերկրների կազմակերպությունների միջև համատեղ ծրագրերի խթանումն է: Ցուցահանդեսը ներդրողներին կօգնի ծանոթանալ շինարարական ոլորտի ժամանակակից տեխնոլոգիաներին, տեղական ու միջազգային կազմակերպությունների հետ ծավալել գործընկերային փոխշահավետ գործակցություն:
Արցախից՝ քարը, Հայաստանից ու աշխարհից՝ շինարարական վերջին նորությունները՝ հիմքից տուն-շենք կառուցողների համար «Շինարարություն և ինտերիեր 2021»-ում:
Լուսինե Չոբանյան (ընկերության աշխատակից) - Այս պահի դրությամբ մենք ունենք շատ մեծ նախագծեր՝ ընթացիկ և արդեն իրագործված: Վերջին 3 տարում մենք ունենք շուրջ 3.5 մեգավատտ հզորությամբ կայաններ, որոնք այս պահի դրությամբ տնտեսում են CO2-ի արտանետումները, նպաստում տնտեսվարող ընկերությունների խնայողությանը:
120-ից ավելի ընկերություն աշխարհից Երևանում են՝ նոր գործարար կապերի հեռանկարով: Հեռավոր Չինաստանի արտադրանքն ու Հարևան Իրանի նանոտեխնոլոգիաներով հեղուկը Էկոնոմիկայի նախարարին է ներկայացվում: Այն անձրևի, ձյան խոնավությունից պաշտպանում է շենք-շինությունները:
Պատրիկ Շահբանդարյան (ընկերության ներկայացուցիչ) - Հեղուկ է, քսվում է կամ փչվում է պատին, բարակ շերտ է թողնում: Ջուրը լցնում եմ, թափվում է, այսպես պահպանվում է, մինչև շենքը չքանդվի:
Գործարար ցուցահանդեսը նաև առիթ է միանգամից բազմաթիվ ընկերությունների առաջարկներ մեկ հարթակում տեսնել-համագործակցել, նոր տեխնոլոգիաներին ծանոթանալ՝ արձանագրում է էքսպոյին հետևող Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը:
Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար) - Հիմնականում շինարարական ընկերությունների համար արտադրվող ապրանքներ են, բայց տեսնում ենք նաև արևային պանելներ: Շատ հետաքրքիր է, և շինարարությունը մեր երկրի երեք խոշոր ինդուստրիաներից մեկն է: Մենք կարծում ենք, որ պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնել այս ոլորտի զարգացմանը:
Ոլորտը զարգացնելու համար Արցախի ընկերությունն էլ առաջարկում է Ասկերանի սպիտակ քարը՝ հարմար երեսպատման, սալիկապատման համար:
Տարոն Մնացականյան (ընկերության սեփականատեր) - Շատ բարձր որակի քար է՝ ծակոտիներ չունի, խոնավություն չի քաշում, չի աղակալում, ամենակարևորը՝ շատ պինդ է և ամուր: Սա ներկայացված է որպես հատակ, սա՝ քիվ, տարբեր տեսակներ են:
Շինարարական էքսպոն Հակոբյան 3 հասցեում 3 օր է՝ մինչև մայիսը 16-ը, իսկ ինչու հենց Արցախի քարով են տուն կառուցել. որ բոլորիս տունն ամուր լինի: