30 րոպե ուշացումով, բայց իրենց բնորոշմամբ՝ ապագայի նկատմամբ մեծ հավատով հերթական համաժողովն սկսեց «Ալյանս» կուսակցությունը։ Առաջադիմական ցենտրիստական քաղաքական ուժը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի սեփական ցուցակով և վարչապետի թեկնածուով:
Տիգրան Ուրիխանյան, «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցության նախագահ - Այս ինչուների տեղատարափը պիտի ծածկի իշխանության ամբողջ գիտակցությունը՝ մինչ նրանք չտան պատասխաններ կոնկրետ քայլերով ու գործողություններով: Չնայած, եթե մենք ունենք ընտրություններ ընդամենը 35 օր անց, Աստված տա, մեզ կայուն ժամանակահատված գոնե այդ մեկ ամսվա կտրվածքով, հուսամ, որ դրանից հետո ձևավորվող նոր իշխանությունը լիարժեք կկարողանա ոչ թե տալ պատասխաններ, այլ լուծել իրավիճակը:
«Ալյանսի» վարչապետի թեկնածուն՝ Տիգրան Ուրիխանյանը, վստահեցնում է՝ ընտրություններին գնում է հաղթելու վճռականությամբ: 6-ամյա «Ալյանսում» նոր համալրում կա: Առաջադիմական ցենտրիստական քաղաքական ուժի շարքերը համալրել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Նա ցուցակում չի ընդգրկվի, բայց կուսակցության հետ կլինի բոլոր հարցերում: «Ալյանսում» արդեն որոշել են՝ իշխանության գալու դեպքում ինչպես են բաշխելու պետական պաշտոնները, բայց դեռ չեն հրապարակում:
Բազմամարդ համաժողովին հաջորդեց կուսակցականների քայլերթը: «Ալյանսը» մի քանի կետով առանձնացրել, A4 ձևաչափի թղթում էր ներառել անվտանգային, բանկային, առողջապահական ոլորտներում առաջիկա անելիքներն ու կազմել պլան-պահանջագիր։
Գործադիրի շենքի մոտ ալյանսցիները երկար չսպասեցին: Պահանջագիրը հանձնեցին Կառավարության ներկայացուցչին, միջոցառումն էլ ավարտեցին: