Ինքնիշխան պետության սահմանների խախտումը լուրջ սխալ է, ինչը հակասում է միջազգային իրավունքին, Եվրոպայում սովորական զինված ուժերի վերաբերյալ պայմանագրին, որը ստորագրել է նաև Ադրբեջանը, 2020-ի նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համաձայնագրին: Նման գրառում է արել Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Ֆրանսուա Քսավիե Բելամին Ֆեյսբուքի իր էջում:
«Այս նոր սադրանքները ցույց են տալիս, որ ամիսներ առաջ պատերազմ սանձազերծելուց հետո էլ Իլհամ Ալիևը չի պատրաստվում, ինչպես հայտարարել էր, պայմաններ ստեղծել երկարատև խաղաղության համար»,- գրել է նա:
Ֆրանսիացի պատգամավորը նշում է, որ այս ագրեսիան լրջագույն նախազգուշացում է այն բանին, որ Ադրբեջանը վերջերս հայտարարել էր «զորավարժությունների» մասին, որի անվան տակ մեծ թվով զորքերի տեղաշարժ էր իրականացնել: Նման ենթատեքստը նախորդել էր նաև 2020-ի սեպտեմբերի լայնածավալ հարձակմանը:
Պատգամավորը զգուշացնում է՝ նման արյունահեղությունները կանխելու համար անհրաժեշտ է վճռականորեն հակազդել սադրանքներին:
Ֆրանսուա Քսավիե Բելամին նշել է, որ միջազգային կառույցներն այլևս չպետք է լռությամբ արձագանքեն ավելի քան ութ ամսվա ընթացքում բազմապատկված գրոհներին, պատերազմի հանցագործություններին և միջազգային սահմանի նոր խախտումներին: