Սյունիքի մարզում՝ Սև լճի մերձակայքում, ստեղծված իրավիճակն արագ արձագանքման և լուծման կարիք ունի: Այդ մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը:
Սիմոնյանը նշեց, որ խնդիրն առնչվում է Հայաստանի սուվերեն տարածքին, ուստի Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, քանի որ սա համարվում է նաև ՀԱՊԿ տարածք, և նրանց արձագանքը և քայլերը շատ կարևոր են:
ԱԺ փոխնախագահն ասաց, որ ՀՀ վարչապետը դիմել է նաև ՌԴ նախագահին՝ փոխգործակցության պայմանագրի շրջանակում ռազմական օգնության հարցով:
«Երեկ սպասում էինք, որ ադրբեջանական զորքերը հետ կգնան, կար ձեռք բերված համաձայնություն, սակայն այսօր տեսնում ենք, որ տեղաշարժ չկա, և դրա համար վարչապետի պաշտոնակատարը դիմել է ՌԴ նախագահին»,- պարզաբանեց Սիմոնյանը:
Հարցին՝ կարելի՞ է համարել, որ Ադրբեջանը պատերազմ է հայտարարել Հայաստանին, ԱԺ նախագահի տեղակալն ասաց, որ այս պահին նման հայտարարությունն անընդունելի է, քանի որ որևէ կրակոց չի հնչել, որևէ ընդհարում չի եղել, եղել են միայն տեղաշարժեր: