Հայաստանն այսօր դիմել է իր երկու ռազմական դաշնակցին՝ Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին: Հայաստանի սուվերեն տարածքը պաշտպանելու և սահմանները վերականգնելու համար ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը փոխգործակցության պայմանագրերն է մատնանշում ու ընդգծում՝ երկուսից էլ դրական արձագանքի սպասում ենք:
Հայաստանի սահմանների իրավիճակը պետք է հանգուցալուծվի ադրբեջանական զորքերի՝ ելման դիրքեր վերադարձով. դեռ երեկ ուշ երեկոյան Պուտին-Փաշինյան հեռախոսազրույցում երկու կողմերն էլ այս միտքը հստակ արձանագրել են: Ըստ Սիմոնյանի ակնկալվում էր, որ ադրբեջանական զորքերը պետք է Հայաստանի պետական սահմանից դուրս գային, մինչդեռ Ադրբեջանը շարունակել է իր ապօրինի գործելակերպը:
Մեր հարաբերությունները և կապերը ՌԴ-ի հետ, ըստ էության, հիմք են տալիս, որ ՌԴ-ն շատ ակտիվ դերակատարություն ունենա՝ վստահեցնում է «Իմ քայլը» խմբակցությունից Վլադիմիր Վարդանյանը:
Տարածաշրջանում կայունություն ապահովելու համար Վլադիմիր Պուտինը վերահաստատել է՝ ակտիվ միջնորդական ջանքերը շարունակելուն տրամադրված է: Ռուսական կողմը կարևորել է, որ իրականացվեն 2020-ի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կետերը:
«Պատերազմից հետո կողմերը պիտի մնան իրենց զբաղեցրած դիրքերում». այս կետը կրկին խախտում է Ադրբեջանը՝ հիշեցնում է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավարը: Մարուքյանը պնդում է՝ Հայաստանի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության դեմ իրականացված սադրանքը չպետք է հանդուրժի ո՛չ մեր երկիրը, ո՛չ էլ ՀԱՊԿ-ը։ Էդմոն Մարուքյանի կարծիքով, եթե Ադրբեջանը չզիջի, ապա հայկական կողմն իրավունք ունի կիրառել ձեռքի տակ եղած բոլոր գործիքները՝ այդ թվում՝ ուժ։
Ադրբեջանական զինուժի ապօրինությունների մասին աշխարհին հայատառ պատմեց նաև Հայաստանի մյուս բարեկամը: Էմանուել Մակրոնն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց՝ Ադրբեջանի զինուժը ներխուժել է հայկական տարածք։ Նրանք պետք է անհապաղ հետ քաշվեն: Ֆրանսիայի նախագահը կրկին հայտնում է հայ ժողովրդին` Ֆրանսիան համերաշխ է ու այդպիսին էլ կմնա: Համերաշխ ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ էր նաև Փաշինյան-Մակրոն հեռախոսազրույցը: Ապա ՄԱԿ-ի հիմնադիրներից Ֆրանսիան հայտնեց՝ տարածաշրջանում կայունության ու անվտանգության համար իրավիճակը հնարավոր է կարգավորել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով։
Ֆրանսիայի Ազգային ժողովի յոթ պատգամավոր էլ դատապարտեց Բաքվի սադրանքը Սյունիքի մարզում՝ Ֆրանսիային և Եվրոպային կոչ արեցին՝ թույլ չտալ Ադրբեջանին՝ արհամարհել միջազգային իրավունքը, նոր ռազմական ուժ տեղակայել, հիմա էլ Հայաստանի Հանրապետության տարածքում: Պատգամավորները դիմում են նաև Ադրբեջանին՝ անհապաղ դադարեցնել հարձակումները: Ֆրանսիայի դիրքորոշումից հետո Ադրբեջանը հակաֆրանսիական դեմարշ է սկսել մամուլում:
Հայ-ֆրանսիական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն ասում է՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հետ արդեն պետք է զբաղվեն միջազգային արդարադատություն իրականացնող մարմինները: